Փառատոնը ինչ-որ առումով նաեւ պրոդյուսերական առաքելություն է ստանձնել
2013թ.-ից սկսած՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվում է «Արտ Ֆեստ» ամենամյա երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնը կազմակերպում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) եւ Երիտասարդ ստեղծագործողների միությունը: Այս տարի հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին։
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Արտ Ֆեստի» նախագահ, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի տնօրեն, ԵԹԿՊԻ-ի դասախոս Էրիկ Բարսեղյանը, փառատոնի հիմնական խնդիրը տաղանդավոր երիտասարդներին բացահայտելն է: Նա փաստեց, որ փառատոնի առաջին տարում մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ, 2014 թ.-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը, իսկ 2015-ին՝ 350-ը:
«Արտ Ֆեստ-2016»-ին արդեն մասնակցում է 430 արվեստագետ՝ Հայաստանից եւ արտասահմանից:
Փառատոնի նախագահի վկայությամբ, «Արտ Ֆեստում» գործում է հետեւյալ դասակարգումը՝ պրոֆեսիոնալ եւ ուսանողական. «Պրոֆեսիոնալները փառատոնում մրցում են պրոֆեսիոնալների հետ, ուսանողները՝ ուսանողների: Այդպիսով, կարողանում ենք ոչ միայն արդարության սկզբունքը պահել, այլեւ վարպետության առումով կոնկրետ «գիծ ենք քաշում», թեպետ որակի առումով ուսանողականն ու պրոֆեսիոնալը հաճախ իրար շատ չեն զիջում: Ուսանողներ կան, որոնք բավականին լուրջ միջազգային հարթակներում են ներկայացել, ստեղծագործություններ են ներկայացրել, որոնք բավականին արժեքավոր գործեր են: Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ կերպարվեստի ցուցադրությունն էր, մեր մասնագիտական հանձնախմբի անդամ Դավիթ Մինասյանն էլ նման կարծիք հայտնեց»:
Մեր հարցին՝ պատահե՞լ է, որ «Արտ Ֆեստի» մրցանակակրի շնորհալի լինելը փաստվի նաեւ այլ հեղինակավոր հարթակում, Էրիկ Բարսեղյանը նշեց, որ իրենց փառատոնի նախորդ տարվա մրցանակակիր կինոռեժիսորներից մեկն արժանացել է նախագահի մրցանակին, նաեւ հաջողությամբ ներկայացել մի քանի միջազգային փառատոներում:
«Արտ Ֆեստի» նախագահը խոսեց իրենց նորամուծություններից, ասաց, որ ա) դարձել են միջազգային հարթակ եւ բ) որդեգրել են մի կարեւոր սկզբունք, այն, որ բոլոր ստեղծագործությունները պետք է ստեղծված լինեն 2015-ի հունվարից հետո, ինչը նշանակում է, որ բոլոր աշխատանքները պետք է ունենան ընդամենը մեկ տարվա պատմություն:
Կարդացեք նաև
«Այս տարի «Արտ Ֆեստի» համակազմակերպիչ Երիտասարդ ստեղծագործողների միությունն անակնկալ է պատրաստել. մրցանակակիրներին ցուցաբերվելու է մասնագիտական աջակցություն, մասնավորապես՝ երգարվեստի ոլորտի մրցանակակրին ցուցաբերվելու է տեսահոլովակ նկարահանելու տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ կազմակերպվելու է համերգային ծրագիր՝ լավագույն երգիչների մասնակցությամբ, թատերական արվեստի մրցանակակիր բեմադրիչին հնարավորություն կընձեռվի բեմադրել նոր ներկայացում, կինոարվեստի մրցանակակիր կինոռեժիսորին ցուցաբերվելու է ֆիլմարտադրության տեխնիկական աջակցություն, հագուստի մոդելավորման ոլորտում կազմակերպվելու է մրցանակակիրների նոր հավաքածուի ցուցադրություն, իսկ կերպարվեստի ոլորտում կազմակերպվելու է լավագույն աշխատանքների հավաքածուի ցուցահանդես: «Արտ Ֆեստը», փաստորեն, որոշակիորեն դարձել է նաեւ պրոդյուսերական հարթակ: Իմիջիայլոց, մեր փառատոնը զուտ երիտասարդական է, կա տարիքային սահմանափակում՝ կարող են մասնակցել 16-30 տարիքային սահմանում գտնվող ստեղծագործ երիտասարդները»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հիշելով, որ փառատոնը Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախկին ռեկտոր լուսահոգի Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ է ժամանակին ստեղծվել, Էրիկ Բարսեղյանը վկայակոչեց Մազմանյանի այն արտահայտությունը, թե «Արտ Ֆեստը» ժողովրդական արտիստների փառատոն չէ:
«Արտ Ֆեստ» փառատոնի մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 12-ին, ու թեեւ փառատոնը կավարտվի, սակայն կազմակերպիչները պայմանավորվածություն են ձեռք բերել ամբողջ տարվա ընթացքում ունենալ այցելություններ մարզեր, սահմանամերձ գոտիներ՝ ստեղծագործ երիտասարդների մասնագիտական աջակցության եւ փորձի փոխանակման նպատակով:
Բավականին ներկայացուցչական է նաեւ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր Անետա Երզնկյան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյան, ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի վարիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Աննա Կարապետյան, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Սամվել Սեւադա եւ ուրիշներ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
10.06.2016