Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ծաղրելն անթասիբ բան

Հունիս 11,2016 14:30

Եվ ո՞րն Է քննադատության քրիստոնեական ձեւը

Պատկերացրեք՝ դուք մի բազմազավակ ընտանիքի ծնող եք: Ձեր երեխաներից մեկը սխալ է գործում (խոսքով կամ գործով), ու սայթաքում: Դուք ի՞նչ կուզեք: Կուզե՞ք, որ ձեր մյուս երեխաները ծիծաղեն ու ձեռ առնեն սխալված երեխային, թե՞ օգնեն նրան ու բարձրացնեն: Իսկ դուք էլ ձեր երեխային ձեռ կառնե՞ք ու ամբողջ ընտանիքով կծիծաղե՞ք նրա վրա: Եթե այո, ապա այդ երեխան էլ ո՞ւր գնա:

Լավ է, որ մեր Երկնավոր Հայրն այդպես չի անում: Ու Նա նույնն է սպասում մեզանից յուրաքանչյուրից: Որովհետեւ մենք բոլորս, ճիշտ թե սխալ, Աստուծո զավակներն ենք: «Նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մաթեւոս 5:45): Եվ մեզ տրված չէ իրար ծաղրել, այլ օգնել ոտքի կանգնել ու սիրել:

Իսկ ինչ սովորեցրեց Տեր Հիսուսը քննադատության մասին

Եկեք իսկապես սիրով լցվենք իրար նկատմամբ: Եթե պետք է կառուցողական քննադատություն, ապա՝ այո, բայց երկու պայմանով: Առաջին, ով որ անմեղ է, թող առաջին քարը նետի: Եթե ոչ, ապա նախ ապաշխարի, հետո մնացածը: Եվ երկրորդ, հետեւեք քննադատության Տեր Հիսուսի սովորեցրած ճանապարհին: «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը»: (Մտ 18:15-17): Մենք պետք է գոնե սրանից սկսենք, եթե մեր եղբայրը մեր դեմ մեղանչել է: Եթե սխալ ես տեսնում, տկարություն ես տեսնում, օգնիր բարձրացնել ու շտկել: Ծաղրելս ո՞րն է: Իսկ եթե քաջություն չունես նրան դեմ առ դեմ ասելու, հետո վկաների ներկայությամբ, հետո էլ եկեղեցում, ապա նրան ձեռ առնելուն եւ ծաղրելուն ի՞նչ անուն տաս: Մի՞թե դա առաքինություն է:

Հիմա կասեք, իսկ ծաղրի
ու երգիծաբանությա՞ն ժանրը

Հազարից մեկ կարելի է տեսնել կամ լսել մի երգիծանք, որտեղ ինչ-որ մեկը չի ծաղրվում: Իսկ ծաղրը նողկալի բան է: Մի՞թե մենք հաջողել ենք ավելի լավ հասարակություն կառուցել ծաղրի ու երգիծանքի միջոցով: Մի՞թե պատերազմները քչացել են ու վայրագությունը պակասել: Հակառակը:

Տեսել եմ՝ ինչպես են հեռուստատեսությամբ ձեռ առնում տկարին: Տեսել եմ՝ ինչպես են մամուլում ձեռ առնում հակառակորդին (լինի քաղաքական, միջազգային, թե անձնական): Տեսել եմ՝ ինչպես են պատվելի ու հարգված մարդիկ ձեռ առնում իրենց հետ չհամաձայնվողներին:

Սիրելի քույրեր ու եղբայրներ, որեւէ մեկին, ով էլ լինի, ձեռ առնելը պատիվ չի բերում, անթասիբ բան է: Տեսնո՞ւմ ես մեկի սխալը, կամ օգնիր շտկել, կամ էլ՝ եթե չես կարողանում, ապա լուռ մնա: Ձեռ առնե՞լս որն է:

Հիշո՞ւմ եք ինչ արեց Քամը, իր հոր՝ Նոյի մերկությունը տեսնելով, գնաց եղբայրներին պատմեց: Լավ բան չարեց իր հոր նկատմամբ (հիմա մարդը հող էր մշակել, գինի էր քաշել, մի երկու բաժակ խմել էր: Որի՞ տունը չի լինում): Իսկ եղբայրները Քամի հետ չծիծաղեցին հոր վրա ու ձեռ չառան նրան, այլ Սեմն ու Հաբեթը «հագուստներ առան իրենց ուսերին եւ յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը»: Ծննդոց 9:23 Նոյը Քամին անիծեց իր արարքի համար: Իրար մի ծաղրեք: Չլինի, թե հանկարծ մեկի անեծքի տակ ընկնեք:

Կատակներ անելը գրեթե միշտ դատարկաբանություն է: «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12.36), զգուշացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Խնդրում եմ, ուշադիր եղեք, թե ինչ բառեր են դուրս գալիս ձեր բերանից եւ թե ինչ բաների եք համաձայնություն տալիս: Դուք մեծ նպատակի համար եք ստեղծված: Թող դատարկ խոսքերը չվրիպեցնեն ձեզ Աստուծո նպատակից:

Մենք Աստուծո զավակներին հավաքական կերպարներ ենք դարձրել ու հռհռում ենք նրանց վրա (գյումրեցիների, ապարանցիների եւ ալն): Փոխանակ ինքներս մեր ներսը նայենք, մենք հումորի միջոցով նայում ենք ուրիշի տկարության վրա: Ու դրա համար այսպես գնալով մեղքն ավելանում է մեր հասարակության մեջ ու նույնիսկ ամրագրվում օրենքով:

Հումո՞ր, թե՞ սեր
Եթե հումորի մեջ մեկի վրա ծիծաղել չկա, այլ կա անձնվեր քրիստոնեական սեր, ապա դա եղավ սեր, այլ ոչ թե այն, ինչ մենք կոչում ենք հումոր: Սատիրան, զավեշտը, հումորը ուրախության հետ կապ չունեն:

Օրինակ, մի անգամ մի սեղանի էի նստած, ուր տղամարդիկ խմեցին ու սկսեցին հայհոյական անեկդոտներ պատմել: Մի ինչ ծիծաղել էին ծիծաղում: Երեւի շատերն են ականատես եղել նման բաների: Լավագույն անեկդոտները, որ լսել եմ, դրանք հիմնականում դատարկ բաներ են եղել: Ու Աստուծո Որդին էլ զգուշացնում է, որ դատարկ բաների համար պիտի հաշիվ տանք դատաստանի օրը:

Սիրելի մարդիկ: Ես հասկանում եմ այս եւ նման գրվածքը ամեն ինչ հակառակ է ցույց տալիս, համեմատած այն ամենի, ինչ որ այս աշխարհն ու հեռուստատեսությունը մեզ սովորեցրել են մանկուց: Բայց չէ՞ որ հենց այդպես էլ պիտի լինի: Տեր Հիսուսն ասաց՝ փոխեք ձեր մտածողությունը, որպեսզի երկնքի արքայություն մտնեք: Դա կոչվում է ապաշխարություն (հունարեն մետանոյա, որ բառացիորեն նշանակում է «փոխել միտքը»): Սովորական մտածողությամբ չենք կարող մտնել Երկնքի Արքայություն ու հավիտենական կյանք ժառանգել:

Դուք ստեղծված եք բացառիկ նպատակի համար: Եվ դրա համար անհրաժեշտ է բացառիկ մտածողություն: Ինչպիսին ձեր մտքերն են, այնպես էլ կլինի ձեր կյանքը:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/hareyanarm/

 

«Արավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930