Տավուշի մարզի Հաղարծնի միջնակարգ դպրոցում աշակերտների կրթության եւ դաստիարակության համար լավ պայմաններ են ստեղծված: Կրթօջախն ունի 544 աշակերտ: Տնօրեն Գոհար Թամամյանի հետ եղանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ուսումնական կաբինետներում, ճաշարանում, խոհանոցում, մարզադահլիճում, ուսուցչանոցում : Դպրոցն ունի համակարգչային 2 կաբինետ, որից մեկում էլեկտրոնային գրատախտակ կա: Դպրոցին աջակցություն են ցուցաբերել տարբեր բարեգործներ:
Համակարգչային կաբինետներից մեկը նորոգվել եւ կահավորվել է դպրոցի շրջանավարտ, «Վիվառո» ընկերության սեփականատեր Ռոմիկ Բադալյանի կողմից: Հաղարծնի դպրոցի շրջանավարտ, Մոսկվայում բնակվող գործարար Սամվել Աղաջանյանի ֆինանսավորմամբ դպրոցի ամբողջ շրջակայքն ասֆալտապատվել է, կրթօջախում այլ գործեր են արվել:
Հաղարծնի դպրոցում կատարված աշխատանքներին ֆինանսապես աջակցել են «Գրանդ հոլդինգը», թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Գոհար Թամամյանը նշում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աջակցությունը, ում շնորհիվ լուծվեց դպրոցի կոյուղագիծը ընդհանուր ցանցին միացնելու խնդիրը: Դպրոցում աչքի են զարնում հետաքրքիր ձեւավորված պաստառները, ուսումնական եւ հայրենասիրական թեմաներով պլակատները:
Հաղարծնի կրթօջախում երեխաների գեղագիտական դաստիարակության համար բավական գործ է արվում: 2003 թվականից հաջողությամբ գործում է մանկական թատերախումբ, որը մի շարք փառատոններում հաղթող եւ մրցանակակիր դարձել, հանդես եկել բարեգործական ելույթներով: Հունիսի 10-ին դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից բաղկացած թատերախումբը ներկայացրեց «Սառցե թագուհին» ներկայացումը ՝ ժամանակակից շեշտադրումներով:
Կարդացեք նաև
Դրան նախորդեցին դպրոցի մանկական պարային համույթի ելույթները: Թատերական ներկայացման ընթացքում երեխաները ներկայացրին կենդանի, աշխույժ խաղ՝ ուրախություն պատճառելով ներկաներին: Բեմը ճաշակով էր ձեւավորված, փոքրիկ դերասանների բեմական հագուստները աչքի էին ընկնում գունային բազմազանությամբ, կոլորիտով: Հաջողված էր նաեւ երաժշտական ձեւավորումը: Ներկայացման գլխավոր խորհուրդը բարու եւ ընկերության հաղթանակն էր:
Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, «Դիլիջան» թերթի խմբագիր Ալբերտ Սիմոնյանը, «Պրոգրես » ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը գնահատանքի խոսք ասեցին բեմադրության վերաբերյալ, թատերախմբին մաղթելով նոր հաջողություններ: Հաղարծնի դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ավանդի համար շնորհակալագիր հանձնեց ներկայացման ռեժիսոր, դպրոցի նկարչության ուսուցչուհի Լուսինե Մանուկյանին: Հավելենք, որ Լուսինեն ինքն էր ստեղծել փոքրիկ արտիստների բեմական հագուստները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ