Հունիսի 10-ին կայացել է ֆիզիկա առարկայի միասնական քննությունը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, հանրապետությունում կա 18 կենտրոն, որից 4-ը ` Երեւանում:
Քննությանը մասնակցել է 1862 դիմորդ, Երեւան քաղաքում` 704: Նրա հավաստմամբ, քննությունների թեստերը բացվել են ժամանակին, որեւէ վրիպակ, բովանդակության հետ կապված որեւէ խնդիր չի եղել:
ԳԹԿ տնօրենից պարզեցինք, որ Արցախում եւս քննությունները հաջող են ընթացել: Մասնավորապես հայոց լեզվի քննությունն այնտեղ կազմակերպել է երկու քննական կենտրոններում, իսկ ֆիզիկայի քննությունը` մեկ:
Արցախի քննական կենտրոնները տեղակայված են Ստեփանակերտում, եւ ԳԹԿ տնօրենի հավաստմամբ, ամեն ինչ պատշաճ է կազմակերպվում Արցախի ԳԹԿ-ի շնորհիվ: Գագիկ Մելիքյանը նաեւ նշեց, որ կան արցախցիներ էլ, որոնք Երեւանում են հայտագրվում ու այստեղ հանձնում միասնական քննությունները:
Կարդացեք նաև
ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ չի եղել որեւէ դեպք, որ որեւէ դիմորդի դուրս անեն քննությունից, իսկ նախորդ քննություններից մեկի` հայոց լեզվի քննության ժամանակ մի դիմորդի ինքնազգացողություն վատացել է, սակայն նա չի ցանկացել ընդհատել քննությունը: ԳԹԿ տնօրենը չի թաքցնում, որ բացակայություններ էլ կան, որոնց թիվն ավելի ուշ կպարզվի: Ինչ վերաբերում է այն դիմորդներին, որոնք առողջական խնդիրների պատճառով չեն հանձնում իրենց ձեւաթղթերը, ինչը բնականաբար, գրանցվում է, իրավունք են ունենում քննությունների երկրորդ փուլին մասնակցելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ