Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մշակութայինը մեր համագործակցության առաջնահերթություններից է». Թիան Էրլու

Հունիս 10,2016 19:55

Արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային ծրագրով հանդես կգա  Չինաստանի հաշմանդամություն ունեցող անձանց  երգի ու պարի համույթը: Հունիսի 12-ին նրանք ևս մեկ համերգ կունենան Երևանում, իսկ 13-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Այս համույթը հատուկ տեղ ունի Չինաստանում, բայց ոչ այն պատճառով, որ անդամները հաշմանդամություն ունեցող անձինք են, այլ որովհետև ցույց է տալիս շատ բարձր, պրոֆեսիոնալ մակարդակ: Այդ մասին շատ երկրներում կարող են վկայել»,- ՀՀ մշակույթի նախարա­րությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

Հիշյալ համերգներից բացի, հունիսի 11-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Չինաստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող ցուցահանդես, որը կգործի մինչև հունիսի 17-ը:

Հայաստանում Չինաստանի և Չինաստանում Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվում երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի շրջանակում:

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց «ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

«Հայ-չինական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում 2008 թվականից ի վեր և´ Հայաստանում, և´ Չինաստանում մշակութային տասնյակ միջոցառումներ են իրականացվել՝ մրցույթներ, փառատոներ, գիտաժողովներ և այլն: Կարևորում եմ մասնավորապես այն ինստիտուցիոնալ համագործակցությունը, որը ձևավորվել է վերջին տարիներին»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

«Համոզված ենք, որ մշակութային համագործակցությունը, փոխազդեցությունները երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ են, հատկապես մշակութային դարավոր ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Չինաստանն ու Հայաստանը: Մշակութայինը մեր համագործակցության առաջնահերթություններից է: Աշխատում ենք, որ մեր ժողովուրդներն ավելի շատ բան իմանան միմյանց մասին, փոխազդեցության մեջ մտնեն մշակույթի ոլորտում»,- իր հերթին նշեց Թիան Էրլուն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930