Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարի ելույթը՝ Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին

Հունիս 10,2016 19:44

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանի ելույթը՝ ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան Հանձնաժողովի անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք ողջունել բոլորին և իմ գոհունակությունը հայտնել 107-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերի համար: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2015 թվականի դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, համաձայն որի, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից:

Չնայած, որ ժամանակահատվածը բավականին կարճ էր, հայկական իշխանությունները գործադրեցին բոլոր հնարավոր ջանքերը՝ Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացն առավելագույնս ներառական իրականացնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Այսօր հաստատվելու է մի կարծիք, որը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի հիման վրա:

Հարկ է նշել, որ Նախնական կարծիքի նախագծի հրապարակումից հետո մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, ինչը մեզ հնարավորություն է տվել մինչև օրենսգրքի վերջնական ընդունումն իրացնել այդ առաջարկությունները նախագծում և արդյունքում ունենալ օրենսգիրք, որն ընդունվել է ձայների 4/5-րդով, թեև Սահմանադրությամբ պահանջվում էր ձայների միայն 3/5-րդը:

Նշվածը հաստատում է այն փաստը, որը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսենսուսի հիման վրա:

Թույլ տվեք փաստել, որ Վենետիկի Հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, իսկ 7-ը՝ մասամբ:

Այժմ, խնայելով ժամանակը, կուզենայի ներկայացնել իրացված առաջարկություններից ամենակարևորները:

  1. Մասնավորապես, առաջարկվել էր երկարաձգել կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը, ինչն ընդունվել է:
  2. Հանձնաժողովն առաջարկել էր նաև նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կփարատեն ստորագրված ցուցակների հետ կապված մտահոգությունները:

Արդյունքում, մեզ հաջողվեց գտնել մի լուծում, որը թույլ է տալիս, մի կողմից, ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և քվեարկության գաղտնիությունը, իսկ մյուս կողմից՝ շահագրգիռ կողմերի համար ստորագրված ցուցակների հասանելիությունը:

  1. Ինչ վերաբերում է կանանց ներկայացվածության քվոտային, պետք է նշել, որ նախորդ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ առավել արդյունավետ, այն է՝ 25 տոկոսի քվոտա է սահմանվել կանանց ներկայացվածության համար: Միաժամանակ, որդեգրել ենք աստիճանական մոտեցում՝ 2022 թվականի համար նախատեսելով առավել բարձր քվոտա (30 տոկոս):
  2. Առաջին անգամ ամրագրվել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության անկախ՝ որևէ պետական մարմնից կախյալ չլինելու կարգավիճակ:
  3. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվել են պատասխանատվության միջոցներ պաշտոնատար անձանց համար վարչական ռեսուրսի չարաշահման դեպքում` ընդհուպ մինչև պաշտոնից ազատում, ինչը չի բացառում քրեական և վարչական պատասխանատվությունը` համապատասխան հատկանիշների առկայության դեպքում:
  4. Պետք է նշեմ, որ էականորեն վերանայվել է բողոքարկման ինստիտուտը, մասնավորապես՝ այն պարզեցվել է, երկարաձգվել են բոլոր հնարավոր ժամկետները` ընտրական գործընթացների կազմակերպման սահմանադրական ժամկետների հաշվառմամբ:
  5. Փարատելու համար այն մտահոգությունները, որ ինչ-որ մեկը կարող է քվեարկել ընտրողների ցուցակում ընդգրկված այնպիսի քաղաքացիների փոխարեն, ովքեր իրենց բնակության վայրն ըստ էության հայտարարել են Հայաստանի Հանրապետությունը, սակայն տևական ժամանակ բացակայում են երկրից՝ մենք որոշեցինք կիրառել էլեկտրոնային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով նույնականացնել և հաստատել ընտրողի ինքնությունը՝ ընտրողի փաստաթղթի տվյալների օպտիկական ճանաչման միջոցով և ստուգել դրանց առկայությունը տվյալների շտեմարանում: Նույն կերպ կփարատվեն նաև կրկնաքվեարկության վերաբերյալ մտահոգությունները: Սա նշանակում է, որ ուրիշի փոխարեն քվեարկության հնարավորությունը միանգամայն բացառված է:

Ավելին, այս մոդելը կկիրառվի առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` որպես պիլոտային ծրագիր:

  1. Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ամբողջությամբ ընդունվել են:

Հարգելի ներկաներ,

Եղել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք, ինչպես նշեցի, ընդունվել են ամբողջությամբ կամ մասամբ: Ժամանակի սղության պատճառով դրանց չեմ անդրադառնա և այժմ կցանկանայի անդրադարձ կատարել մի քանի առաջարկությունների, որոնք չեն ընդունվել (թվով 14 առաջարկություն):

  1. Համաձայն Ընտրական օրենսգրքի, եթե երեք քաղաքական կուսակցությունների կոալիցիան ստանում է խորհրդարանական մեծամասնությունը, ապա այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունները համարվում են ավարտված: Հակառակ դեպքում, առկա է երկրորդ փուլի հնարավորությունը, երբ անսահմանափակ թվով քաղաքական ուժեր կարող են միավորվել և հանդես գալ որպես նոր դաշինք ու խնդրել ժողովրդի քվեն: Այս տեսակետը Վենետիկի հանձնաժողովի կողմից կասկածի տակ է դրվել, մասնավորապես՝ Հանձնաժողովի կողմից առաջարկվել է վերանայել կոալիցիաներին մասնակցող կուսակցությունների թիվը:

Մենք համարում ենք, որ 3 թիվը ողջամիտ է, և շատ միջազգային փորձագետներ համակարծիք են մեզ հետ: Իրականում, կոալիցիայի ձևավորումը նշանակում է գործարք ընտրողի թիկունքում: Այն դեպքում, երբ երեքից ավելի քաղաքական կուսակցություններ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու  ներուժ ունեն, ապա դրանք երկրորդ փուլի ժամանակ կարող են խնդրել ժողովրդի քվեն և ընտրողների աջակցությունն ստանալու պարագայում կարող են ձևավորել կայուն մեծամասնություն:

Իրականում, մենք կարծում ենք, որ այս հարցը ակադեմիական վեճ է: Թույլ տվեք մեջբերել պրոֆեսոր Ֆուզարոյին` իտալական վերջին ընտրական  բարեփոխումների հեղինակներից մեկին: Մեջբերում եմ. ‹‹Ակնհայտորեն միայն հայ օրենսդիրը կարող է գնահատել, թե արդյոք հայկական կուսակցական համակարգի և քաղաքական մշակույթի համար առավել ընդունելի է առավելագույնը երեք, թե չորս (թե՝ երկու) կուսակցությունների (և կուսակցությունների դաշինքի) միավորումը, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ այլընտրանքն ընտրությունների երկրորդ փուլն է, այն է`վերադարձ դեպի ընտրողը:

Հայկական համակարգն  էականորեն ավելի ճկուն է, քան իտալականը, առնվազն հետևյալ հիմնական հարցերում. այն թույլ է տալիս ձևավորել կոալիցիաներ մանդատների սկզբնական բաշխման հիման վրա` տեղ թողնելով կուսակցական և խորհրդարանական բանակցությունների իրականացման համար, ինչը կարող է հնարավորություն տալ ԿԸՀ-ին՝ ընտրությունների երկրորդ փուլ չանցկացնելու որոշում կայացնելու համար: Այն նաև թույլ է տալիս նոր դաշինքներ ձևավորել առաջին և երկրորդ փուլերի միջև››,- մեջբերման ավարտը:

Ընտրական օրենսգրքում մենք կյանքի չենք կոչել նաև ռեգիոնալ կուսակցությունների և ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ կուսակցությունների և թեկնածուների հասարակ ցուցակով ընտրության վերաբերյալ առաջարկությունները: Չնայած, սկզբունքորեն, այս առաջարկություններն ընդունելի էին մեզ համար, սակայն  խորհրդարանական քննարկումների ժամանակ դրանք կոշտ քննադատության արժանացան քաղաքական ընդդիմության կողմից:

Հարգելի գործընկերներ,

Ավարտելով խոսքս` թույլ տվեք, նախ և առաջ, խնդրել Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։

Այս առումով, խնդրում եմ Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է։

Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930