Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Հունիս 10,2016 18:55

Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բեյրութից կապ հաստատեցին Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը  շնորհակալություն հայտնեց համայնքին բարձր կազմակերպվածության, համահայկական ծրագրերին և ազգաշահ ձեռնարկներին ակտիվ մասնակցելու համար:

Նա անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունելու փաստին և նշեց. «Ճանաչելով իր մեղսակցությունը՝ Գերմանիան օրինակ ծառայեց Թուրքիային: Այս ճանաչումը նաև նախադեպ դարձավ այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչման համար: Դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ լիարժեք վերլուծելու ընդունված փաստաթուղթը և, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Լիբանանում նույնպես կազմակերպվի քննարկում այս թեմայով»:

2

Նախարարը խոսեց Բունդեսթագի որոշման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների ոչ համարժեք արձագանքի մասին: «Ցավոք, Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ազգային փոքրամասնությունների հանդեպ, – նշեց նախարարը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը գրավելու Բաքվի ծրագրերը տապալվեցին մեր բանակի արագ համախմբման և հզոր հակահարված տալու շնորհիվ: «Մենք տեսանք Թուրքիայի անթաքույց աջակցությունը ադրբեջանական այս նոր ագրեսիային: Ցավոք, մեր հաղթանակը շուրջ հարյուր մարդու կյանք արժեցավ: Նրանցից ամեն մեկի կորուստն անդառնալի ցավ է մեզ համար», ասաց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր համայնքներին՝ Արցախին աջակցելու համար: «Մեծ էր նաև Լիբանանի հայ համայնքի համախումբ օգնությունն Արցախին: Արցախն իր թիկունքում զգաց հզոր Սփյուռքի ներկայությունը», – նշեց նա:

Այնուհետև նախարարը խոսեց Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին և ընդգծեց, որ մեր հայրենակիցներն իրենց հետ աշխատանքի նոր մշակույթ բերեցին Հայաստան: «Սիրիահայերի կրթական, մշակութային և սոցիալական ինտեգրման խնդիրներն ամբողջությամբ լուծված են, միայն տնտեսական ինտեգրման հարցում ունենք որոշակի դժվարություններ», – ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:

Շնորհակալություն հայտնելով հեռակապի միջոցով անմիջական շփում հաստատելու հնարավորության համար՝ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեց նման ձևաչափով համայնքների հետ կապերն ամրապնդելու և առկա խնդիրները լուծելու Սփյուռքի նախարարության աշխատաոճը: Նա նշեց. «Մենք անպայման ի նկատի կունենանք Ձեր բոլոր դիտողություններն ու առաջարկները, հատկապես նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցելու ուղղությամբ»:

Այնուհետև հեռակոնֆերանսի մասնակիցները քննարկեցին  համայնքային խնդիրներին, «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և նախարարության մյուս  ծրագրերին Լիբանանի հայ համայնքի մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930