Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանին. «Ո՞վ ես դու, դու որպես ի՞նչ ես ներկայացնում, եթե իրավասու չես քաղաքական գնահատական տալ»

Հունիս 10,2016 18:24

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, վկայակոչելով այս փաստը, հայտարարեց, թե այսքանից հետո ինչպե՞ս վստահել ՀՀ կառավարության գործունեությանը:

Նա մանրամասնեց. «Գործադիրն ինքն է գրել, որ 500 հազար անվանում գրքեր չեն եղել, բայց ինչքան գումար հաշվարկել են, այդքան էլ ծախսել են: Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա: Մինչդեռ իրենք ամբիոնից փորձում են համոզել, թե ինչ է նշանակում գրադարանին գումար տալը, գումար ծախսելը:  Սխալ պլանավորողները, սխալ թվերով աշխատողները պետք է պատասխան տան»:

Անդրադառնալով կրճատումներին` պարոն Պողոսյանը հիշեցրեց 800 կրճատված մեքենաները. «Ասում են 800 մեքենա ենք կրճատել, հետո պարզվում է`դրանք ոչ մեկին պետք էլ չէին: Կամ ասում են 800 տեղ ենք կրճատել, հետո հայտարարում են, թե այդքանին չեն էլ վարձել: Ամեն մի հաջորդ պատասխանից հետո ավելի թերահավատ ես դառնում կառավարության տեսակետին»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ` եղած խնդիրները նոր չեն: Անդրադառնալով ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, պարոն Մելքումյանն ասաց. «Երբ Ատոմ Ջանջուղազյանը խնդիրը ներկայացնում էր ԱԺ-ում, իմ հիմնական հարցն էր`ո՞վ ես դու, դու որպես ի՞նչ ես ներկայացնում: Եթե հաշվապահական փաստաթուղթ ես ներկայացնում, խնդիր չկա, բայց եթե այդ ներկայացրածի հիման վրա քաղաքական գնահատականներ ունակ չես տալ, ուրեմն աբսուրդ է: Թվեր ես ասում, թվեր հնչեցնում, արդյունքում չգիտենք, թե ինչ է հանրապետությունում տեղի ունեցել: Եթե 500 միլիոնով տրանսֆերտները կրճատվել են, ներկրումը 30%-ով, արտահանումը 4%-ով կրճատվել է, նոր աշխատատեղեր չեն առաջացել, աղքատությունը չի կրճատվել, գործազրկությունը չի կրճատվել, ուրեմն ի՞նչ ենք անում, բայց բյուջեն ծախսում ենք»: Ըստ պարոն Մելքումյանի այս իրավիճակը նման է, նրան, որ երբ ծովում ես, բերանդ ջրի մեջ է, քիթդ ջրից բարձր:

Թևան Պողոսյանն էլ մտահոգություն հայտնեց, թե ինչո՞ւ ԱԺ-ում խնդրի պատասխանատու առաջին դեմքերը հաշվետվություն չեն ներկայացնում: Օրինակ բերեց այն, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ելույթ է ունեցել ու հայտարարել, որ այսուհետ պետք է միշտ գան նախարարները, քաղաքական պատասխանատուներն իրենք բոլոր օրենքները ներկայացնեն, ու տրվի քաղաքական գնահատական: Բայց 15 րոպե հետո, երբ սկսել է հարկային օրենսգրքի քննարկումը, ոչ ֆինանսների, ոչ էկոնոմիկայի նախարարները, ոչ էլ ՊԵԿ ղեկավարը դա չեն ներկայացրել, այլ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը: Թևան Պողոսյանն այս առիթով նշեց. «Վախթանգի մասնագիտական խնդիրը չէ: Ուղղակի առնվազն այդ բառերն ասելուց հետո նման բան չպիտի լիներ»:

Դառնալով հարկային օրենսգրքին` Միքայել Մելքումյանը նշեց, թե դա իր կարծիքով` չհաջողված փաստաթուղթ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930