Կառույցի մի շարք անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են կուսակցությունից դուրս գալու մասին:
Համաձայն հայտարարության` այս որոշման պատճառ են հանդիսանում`
անհամաձայնությունը վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը:
«Այս որոշման համար հիմք են հանդիսացել վերջին օրերի իրադարձությունները, որի վերաբերյալ ՔՊԿ վարչությունը մասնավորապես հայտնել է հետևյալը`
որ իբր Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի անդամները, մյուս ընդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ, և դա ներկայացվել է, որպես «ծրագրային և կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն», այնինչ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը, նույն կանոնադրության համաձայն և օրենքով նախատեսված կարգով տարածքային կազմակերպությունների խորհուրդների իրավասության հարցեր են:
Կարդացեք նաև
որ տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը` Մենուա Բրուտյանը, ով անկուսակցական է, համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ, որպես «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդիմադիր դաշինքի միասնական թեկնածու:
Նույնիսկ եթե ինչ-որ քննարկումներ եղել են, որը որևէ մեկը չի ժխտում, դրանք եղել են հանուն Վանաձորի բնակիչների և կուսակցության շահերի, որի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել և ոչ ոք այդ մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:
Եվ ի վերջո, եթե նույնիսկ տարածքային կազմակերպության որևէ անդամ, որևէ պահի դիցուկ խախտել է կանոնադրությունը, այն չի կարող հիմք հանդիսանալ վարչության կողմից, տարածքային կազմակերպության լուծարման համար:
Կարծում ենք, Վանաձորի տարածքային կազմակերպությունը լուծարելու որոշում կայացնողներն իրենք էլ չեն պատկերացրել, որ նման որոշումը կարող է մեծ հակազդեցության արժանանալ ոչ միայն Վանաձորի տարածքային կազմակերպության անդամների, ալև մյուս տարածքայինների անդամների կողմից:
Բնական և հասկանալի է կուսակցության այն անդամների անհանգստությունը, ովքեր իրենց անհամաձայնությունն ու մտահոգությունն են արտահայտում այս և համանման հարցերի վերաբերյալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը դրանով փորձում էր շտկել իրավիճակն ու բարձրացնել ներքին ժողովրդավարության մակարդակը, որպեսզի գործընթացները ճիշտ ուղղությամբ զարգանային:
Ցավոք այդ ամենն ապարդյուն էր, քանի որ այս օրերի ընթացքում վարչության անդամներն ունեին հնարավորություն վերանայել և չեղարկել այդ անհիմն և անօրինական որոշումը: Ստեղծված իրավիճակում չենք տեսնում կուսակցության ներսում առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ վարչության առերևույթ հանրապետականից չտարբերվող աշխատելաոճի պայմաններում անիմաստ ենք համարում մեր անդամակցությունը:
Այսուհանդերձ, մենք հետ չենք կանգնում այն մտքից, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իշխանափոխության միակ ճանապարհը ընդդիմադիր դաշտի միասնական ճակատով` դաշինքով մասնակցելն է, մի կողմ դնելով նեղ կուսակցական շահերը: Ուստի ողջունում ենք «Ալյանս» կուսակցության կողմից առաջարկող դաշինքի գաղափարը և մեր աջակցությունն ենք հայտնում: Կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր կուսակցություններին համախմբվել մեկ դաշինքով ընտրություններում հանդես գալու գաղափրի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Վանաձորի` լուծարված տարածքային կառույցի խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանը, վերահսկող Մետաքսյա Դավթյանը, խորհրդի անդամներ Մարինե Պետրոսյանը և Քանաքարա Խանաղյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հունիսի 1-ին որոշում էր կայացրել լուծարել Վանաձորի տարածքային կառույցը: Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը կայացվել է միաձայն` իրացնելով կանոնադրական իրավունքը: Նրա խոսքով` Վանաձորում առաջիկայում կստեղծվի «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային նոր կառույց:
Մամլո հաղորդագրություն