2016թ. հունիսի 5-ին Ղազախստանի արևմտյան Ակտոբե քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել 38 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվական կայքը։
Տեղի ունեցածը Ղազախստանի իշխանությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Այս մասին արտահայտվել էր այդ երկրի խորհրդարանի ղեկավարն՝ ասելով. «Ակտոբեի ահաբեկչությունը ավազակների ծայրահեղ ցինիզմի և դաժանության դրսևորում է»։
Հիշեցնենք, որ ավազակային խումբը հարձակում էր գործել ՌԴ պետական սահմանից 120 կմ. հեռու Ակտոբե քաղաքի զենքի խանութներից մեկի վրա։ Հարձակման ժամանակ սպանվել էին խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը, վիրավորվել էր 3 ոստիկան։
Հանցագործությունը կատարելուց հետո խումբը ևս մեկ խանութի վրա է հարձակվել, որի հետևանքով սպանվել է ևս 1 մեկ մարդ։ Դրանից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու ահաբեկիչների միջև, որի հետևանքով զոհվել է 3 ահաբեկիչ, ևս մեկը ձերբակալվել է։
Կարդացեք նաև
Չբավարարվելով այսքանով՝ գրոհայինները իրենց ձեռքն են վերցրել երթուղային մեկ ավտոբուս և հարձակվել զինվորական զորամասերից մեկի վրա։ Սրա հետևանքով զոհվել է 3 զինծառայող ևս 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցածից հետո, 2016թ. հունիսի 8-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ երկրում առկա են գունավոր հեղափոխության նախանշաններ։ Դրանից հետո Նազարբաևն ուժային համապատասխան կառույցներին հրաման է տվել գտնել և բերման ենթարկել գործողության իրականացման հետ առնչություն ունեցողներին, իսկ դիմադրություն ցուցաբերելու պարագայում՝ ոչնչացնել նրանց։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձեռնարկված գործողությունների արդյունքում արդեն իսկ ոչնչացվել է 13 գրոհային, ևս 14 հոգի վիրավորվել է։