Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել շարք հարցեր:
Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի գետերից ոսկու կորզման հնարավորությանը: Հարցը Հանրային խորհուրդ է ներկայացրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի տարբեր գետերի ափերի ավազային գրունտների հետազոտությունները ցույց են տալիս դրանցում ավելի քան տարեկան 4 տոկոս թանկարժեք մետաղների պարունակությունը, և որ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գետի ափերի տարածքները տրամադրվել են լիցենզավորված քաղաքացիներին ոսկի հանելու նպատակով:
Նիստին հարցը ներկայացրել է ԻՏՁՄ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանում այսօր ոսկու կորզմամբ զբաղվողներ կան, ինչը, սակայն, անօրինական է, մինչդեռ, եթե հարցը կարգավորվի օրենքով, ապա դա առավել արդյունավետ ձևով կիրականացվի՝ օգուտ տալով թե´ այդ գործունեությամբ զբաղվողներին և թե´պետությանը:
Դավիթ Գրիգորյանը բերել է նաև այլ երկրների օրինակներ՝ մասնավորապես Ավստրալիայի օրինակը, որտեղ այդ գործունեությունը նույնպես կարգավորված է օրենքով և համարվում է երկրում տուրիզմի խթանման կարևոր գործոն:
Քննարկմանը ներկա են եղել ՀԽ հանքա-հումքային արտադրության և տնտեսական ներքին կոոպերացիայի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Ղևոնդ Ղալումյանը, ՀԽ հանքերի և երկրաբանական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գարիկ Բաբուրյանը, ենթահանձնաժողովներում ընդգրկված երկրաբաններ ու այլ մասնագետներ, ինչպես նաև «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Հովսեփյանը, որոնք իրենց մասնագիտական նկատառումներն են հայտնել՝ բարձրացնելով մի շարք հարցեր ու մտահոգություններ կապված այդ գործունեության իրականացման հնարավորությունների հետ:
Այնուամենայնիվ, հանձնաժողովի նիստում ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրվել ԻՏՁՄ կողմից ներկայացված առաջարկին, և քանի որ բարձրացվել է խնդիրն օրենսդրական դաշտում կարգավորելու անհրաժեշտությունը, որոշվել է, որպեսզի հարցը բարձրացնող կողմը ներկայացնի հայեցակարգ, որպեսզի հետագայում խնդրի վերաբերյալ առավել առարկայական քննարկումներ ծավալվեն:
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգի հաջորդ հարցը նույնպես ներկայացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ առաջարկելով քննարկել գույքահարկի հարկման փոփոխությունների հարցը: Հարցը բարձրացնող կողմը կարծում է, որ շքեղ առանձնատների, ավտոմեքենաների, ինչպես նաև չօգտագործվող մեծածավալ արտադրական և կոմերցիոն անշարժ գույքի, հողատարածքների սեփականատերերը պետք է հատկացումներ անեն երկրի պաշտպանունակության բարձրացման համար՝ առավել բարձր գույքահարկ վճարելով, քան սահմանված է ներկա օրենքով, իսկ մեծածավալ անշարժ գույքի, հողատարածքների չօգտագործվող հատվածների նկատմամբ պետք է կիրառվի գույքահարկ:
Որոշվել է այս հարցի վերաբերյալ քննարկումները շարունակել՝ հասնելու գույքի նկատմամբ կիրառվող հարկի տարբերակված մոտեցմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հարկային նոր օրենսգրքի հարցը: Քննարկման մասնակիցներնը նշել են, որ հարկային նոր օրենսգրքում եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունները կառաջացնեն հարկային բեռի բարձրացում, ինչը բացասական ազդեցություն կունենա թե´ աշխատողների և թե´ գործատուների վրա՝ առաջացնելով սոցիալական լարվածություն, հարվածելով տնտեսության որոշակի ոլորտներում ներգրավված միջին խավին և հանգեցնելով այլ բացասական հետևանքների: Հանրային խորհրդում հարկային օրենսգրքի վերաբերյալ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:
Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերել է Հայաստանում Արդյունաբերության քաղաքականության նոր հայեցակարգի ընդունման անհրաժեշտությանը: Դրական առումով շրջադարձային համարելով 2011 թվականին ընդունված հայեցակարգը՝ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամները գտել են, որ տնտեսության առջև ծառացած ներկա խնդիրները պահանջում են նոր հայեցակարգ ընդունելու անհրաժեշտություն: