Լրահոս
Օրվա լրահոսը

Հարազատները՝ Ռոբերտ Աբաջյանի մասին. ոչ մի անգամ բանակի մասին վատը չպատմեց, միշտ լավն էր ասում

Հունիս 10,2016 17:55

Հայրենի երկրի խաղաղության համար տասնիննամյա Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանն ընտրեց հավերժի ճամփան…

Արևի վերջին շողը չէր հասցրել  թաքնվել, երբ պապիկը մոտեցավ Ռոբերտի դիմանկարին ու վառեց լամպը. հերոսի ծով աչքերը լուսավորվեցին ու սրահում տարածվեց հաղթական ու խաղաղ ժպիտը…

«Ռոբերտը հենց քայլել սովորեց, խանութի ճանապարհներին էինք գտնում, բոլոր հարևանների համար ինքնակամ, հպարտությամբ խանութ էր գնում ասես՝ ինքը մեծ գործ է անում, եթե մեծ եղբայրը՝ Ռուբենը, խանութ կհասներ ու կվերադառնար հինգ րոպեում, Ռոբերտին խանութ ուղարկելիս հրաժեշտ էինք տալիս՝ գիտեինք, որ հինգ րոպեի ճանապարհը պիտի ժամում անցներ. ճանապարհին բոլորի հետ բարևելով, զրուցելով  պիտի հասներ խանութ»,- հուզմունքը թաքցնելով պատմում էր Աննան՝ հերոսի մայրը:

Ռոբերտի պապիկն է ժպիտով հիշում. «Ինքը փոքր էր, գնացել էր մեր գյուղ՝ Մարալիկ, հարևաններից մեկը խնդրել էր, թե մենք մինչ դաշտ կգնանք, դու արի մեր երեխուն պահի»: Ժամեր անց Ռոբերտը վերադարձել է տուն՝ ձեռքին ձմերուկ, որ որպես վարձատրություն էր ստացել փոքրիկին լավ նայելու համար. «Իր առաջին վաստակը ձեռքին ոգևորված մոտեցավ աստիճաններին ու մեկ էլ ձմերուկն ընկավ, կոտրվեց. ծանր էր»:

Մանկապարտեզում էլ շատ շփվող է եղել. «Էլադա անունով աղջկա էր սիրահարվել. ասում էր, թե մեծանամ Էլադայի հետ եմ ամուսնանալու: Աղջկա տատիկն էլ մի օր Ռոբերտին ասել է, թե թոռնուհուս հետ ամուսնանաս՝ այ էս մեր տունը քեզ եմ կտակելու…», ասում են՝ այդ պահից Ռոբերտի սերն ավելի է մեծացել աղջկա հանդեպ: Տան մասին ոգևորված պատմում է մորը, Աննան հարցնում է. «Չէ՞ որ մենք տուն ունենք», Ռոբերտն էլ լուրջ-լուրջ պատասխանել է՝ ինչ վատ կլինի, որ երկու տուն ունենանք:

Դպրոցական տարիներին էլ հաճախ է մանկապարտեզ գնացել՝ մանկությունից կարոտն առնելու, բարևելու:

Մայրը խնամքով բերեց Ռոբերտի պատրաստած բացիկներն ու նամակը: Բոլոր փոքրիկներն են Ձմեռ պապիկից նվերներ խնդրում, բայց առաջին անգամ կարդացի փոքրիկի նամակ, որ շնորհավորում էր Ձմեռ պապիկի Ամանորն ու նրան առողջություն մաղթում: «Ձմեռ պապիկ ջան, շնորհավոր քո ամանորը և ցանկանում եմ քեզ առողջություն:Ես քեզնից ուզում եմ մի հատ պուլտով զարյադկայով ֆուռ MAN Ֆիրմայի: Մեր մոտի Քսյուշայում կա, եթե չլինի, առանց պուլտի չբերես, ուրեմն կբերես զարյադչնիկով, ակումլյատրով կբերես, եղավ: Մեկ էլ եղնիկներիդ կբարևես»:

Ռոբերտ Աբաջյան

Ռոբերտ Աբաջյան

Ռոբերտն իրեն տրված Կյաժ մականունը շատ է սիրել, դեռ մանկապարտեզից հավանել է ու իր երկրորդ անունը դարձրել:

Հերոսի հայրն է հիշում. «Հինգ տարեկան էր. որոշել էր, որ պիտի շատ մարդ հրավիրի իր ծնունդին, ում ճանաչել մեծի պես հրավիրել էր, անգամ իմ ընկերներին… հինգ տարեկանում հիսուն հոգու հրավիրեց: Հյուրերն էլ թևնոց նվիրեցին՝ գրված Կյաժ: Շատ էր սիրում իր այդ նվերը, բանակից էլ, որ զանգում էր հարազատներից հետո հարցնում էր, թե Կյաժը՝ թևնոցը, ոնց է»:

Ռոբերտը հոգատար ու սիրառատ է եղել  ոչ միայն մարդկանց հանդեպ, իր իրերն էլ խնամել է. տետրերը  ցուցադրության արժանի կոկիկ էին, ձեռագիրը՝ մարգարտյա. «Չկար մի տետր, որում գոնե երեք գույն գրիչ չլիներ: Վառ գույներ էր սիրում, դասագրքեր  էր համառոտում, պատկերազարդում էր տետրերն ու անգամ քույրերին փոխանցում»,-հպարտությամբ պատմում էր Ռոբերտի տատիկը:

Ռոբերտը սովորել է Երևանի 147 դպրոցում. հերոսի տատիկը մանկավարժ է, թոռնիկին էլ դասավանդել է, ասում է, թե չկար մի օր, որ չգայի տուն ու չդժգոհեի թոռնիկիցս… ես շատ պահանջկոտ եմ եղել իր նկատմամբ, ուզում էի կատարյալ տեսնել…տեսա: Մի օր էլ դպրոցում կռվել էր ուսուցիչներից մեկի թոռնիկի հետ՝ արդարության պահանջով. թե էդ ոնց է ես քո տատիկի դասերը չեմ խանգարում, էդ ինչի՞ ես դու իմ տատիկի դասերին անկարգություն անում:

Ռոբերտը դպրոցում լավ է սովորել, սովորել է այն, ինչ սիրել է: Բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո, օրեր շարունակ հետաքրքրվել է տարբեր բուհերով, փորձել գտնել մատչելի վարձավճարով հաստատություններ: Ընտրել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը, անգամ մոտեցել ու ռեկտորին ասել է, թե ես կարող եմ այսքանը վճարել ու դուք պիտի ինձ ընդունեք, ռեկտորն էլ պատասխանել, թե որ այսքան համարձակ ես՝ ուրեմն մեր ուսանողը կդառնաս:

Ռոբերտը չի բավարարվել ստացած գիտելիքներով, նպատակ է ունեցել  ատամնաբույժ դառնալ. դա արդեն ծառայությունից հետո:

Պապիկը պատմում է. «Մեր հարևանը մահացել էր, ընկերների հետ կազմակերպել ու ծաղկեպսակով գնացել էին իրենց տուն, հուղարկավորության ժամանակ էլ ծանոթացել, մտերմացել է  ութսունամյա գյումրեցու հետ.Ռոբերտի ընկերներին հաշիվ ու տարիք չկար՝ հինգ տարեկանից մինչև ութսուն տարեկան ընկեր է ունեցել»:

Բանակ գնալուց առաջ որոշել է Մարալիկ գնալ՝ հարազատներին հրաժեշտ տալու, գնացել հասել է նաև Գյումրի՝ իր ութսունամյա ընկերոջը տեսնելու:

19 տարեկան էր, բայց ապրեց ու թողեց դարերի հիշողություն՝ լուսավոր հիշողություն: Ռոբերտը մի քանի անգամ արդեն մտերիմների երազում հայտնվել ու խնդրել է, որ չտխրեն. ինքը լավ է:

Մի քանի ամիս  է՝ ինչ տանն է Ռոբերտի ավագ եղբայրը՝ Ռուբենը: Ծառայության պատճառով մոտ երեք տարի կարգին չի տեսել եղբորը, փոխարենը հաճախ են խոսել հեռախոսով:

Ռոբերտը մեքենաների սիրահար է եղել. մի ամառ էլ մեկնել է հոր մոտ, օգնել աշխատանքի հարցում, հայրն ասում է՝ մոտ 10000 կիլոմետր ճանապարհ անցանք մեքենայով, հարցրի բավարարվա՞ծ ես, հոգնեցի՞ր, ասեց, չէ պապ, դեռ չեմ կշտացել քշելուց:

Ռուբենը պատմում է, թե  մի անգամ բանակից զանգել ու խնդրել է հայրիկին բարեխոսել իրեն մեքենա գնելու հարցում:

«Ռոբերտի ծառայությանը մի քանի ամիս էր մնացել, սիրում էր բանակը, ծառայությունը, կարգապահությունը, արձակուրդին անգամ չէր հրաժարվում համազգեստից, կոշիկներն էլ միշտ մաքուր, ոչ մի անգամ բանակի մասին  վատը չպատմեց, միշտ լավն էր ասում. թեպետ կարոտում էր իր առօրյան, բայց վստահ էր, որ ինքը հայոց բանակին պետք է», – հպարտությամբ նշում է եղբայրը:

Դիրքեր բարձրանալուց առաջ հերոսը զանգել ու շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը…

Վերջին անգամ…

Ռուբենը եղբոր հետ վերջին անգամ խոսել ու հորդորել է զգույշ լինել. «էդ օրվա գիշերը խոսեցի հետն ու ասեցի՝ տղերք զգույշ կլինեք, ես երբեք իրեն նման բաներ չեմ ասել, միշտ էլ վստահ եմ եղել, որ զգույշ ու զգոն է…բայց էդ գիշեր…»:

Հ. Գ. Երբ պայմանավորվեցինք Ռուբենի հետ մինչ իրենց տուն գնալս, ասաց՝ ես Ձեզ Կասկադում կսպասեմ, հանդիպեցինք Կասկադում, ուղեկցեց մի սրճարան, հետո պիտի խոստովաներ, որ այդ սրճարանը եղբոր ամենասիրելի վայրն է: Ռուբենն ամենուր փնտրում է եղբորը, ամենուր զգում նրա ներկայությունը, էներգիան. Ռոբերտն իրենց չի լքել…

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930