Ադրբեջանում հին հայերեն` գրաբար կսովորեն: Մասնավորապես, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում որպես մագիստրոսական ծրագիր կիրականացվի գրաբարի ուսուցում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
Նա հայտնեց, որ նշյալ կրթական հաստատության մագիստրատուրայում Գրաբարի բաժինը բացվում է «Գլոբալիզացիայի պայմաններում ադրբեջաներենի արդիականացման և լեզվաբանության զարգացման պետական ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է 2013թ.-ից` Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ:
«Թե ինչպես է ուսուցանվելու գրաբարը, այդ մասին տեղեկություններ, իհարկե, չեն հաղորդվի։ Կարծում եմ` գրաբարի ուսուցումը կիրականացնեն արտասահմանից հրավիրված մասնագետների օգնությամբ: Հայտնի է, որ եվրոպական մի քանի երկրի գիտակրթական հաստատություններում կան հայագիտության բաժիններ։
Ադրբեջանում արդեն մի քանի տարի է` ուսուցանվում է աշխարհաբար հայերեն: Համապատասխան դասընթացներ են անցկացվում Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և մի քանի ռազմական վարժարաններում. վերջերս էլ հայերենի դասագիրք է հրատարակվել, որի բովանդակությանը ծանոթ չեմ՝ հասկանալի պատճառներով, բայց հայագիտությունն իրենց մոտ պետական լուրջ աջակցություն է ստանում:
Կարդացեք նաև
Գրաբարի ուսուցումը կապված է հայկական պատմական աղբյուրների ուսումնասիրության հետ։ Այլ հարց է՝ կհասնե՞ն հաջողության, թե ոչ։ Կարծում եմ, այդքան էլ հեշտ չի լինի գրաբարի մասնագետներ պատրաստելը, դրա համար երկար տարիներ են պետք։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում հայագիտությանը, հատկապես` հայոց լեզվի ուսուցմանը և համապատասխան գրականության ստեղծմանը։ Այլ է հարցը, որ դա միտված է լինելու պատմության զեղծարարությանը»,-նկատեց Աշոտ Մովսիսյանը:
Ինչ վերաբերում է հայագիտության զարգացվածությանը եւ հայոց լեզվի իմացության մակարդակին, Աշոտ Մովսիսյանը նշեց. «Ադրբեջանցի մասնագետների բնորոշմամբ` դրանք այդքան էլ հուսադրող չեն. գրական հայերենին տիրապետող և դասավանդելու ունակություններ ունեցող անձինք մի քանիսն են, մասնավորապես` Ադրբեջանում և Թուրքիայում հայագիտությամբ զբաղվող Գաֆար Չախմախլըն, Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Հայկական հետազոտությունների կենտրոնի» ավագ գիտաշխատող Իսմայիլ Թանրըվերդիևը և այլք: Եթե փորձենք ընդհանուր գնահատել ադրբեջանագիտության, նաեւ ադրբեջաներենի իմացության մակարդակը Հայաստանում և հայագիտության, նաեւ` հայոց լեզվի իմացության մակարդակն Ադրբեջանում, ապա հենց ադրբեջանցի մասնագետների խոսքով` մենք դեռևս առաջատար ենք, սակայն Ադրբեջանում այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում: Այդ ամենի ցայտուն օրինակն է ադրբեջանական հայալեզու նոր լրատվական կայքերի ստեղծումը։ Կարծում եմ՝ մենք ադրբեջանագիտության ոլորտում դեռևս մեծ անելիքներ ունենք»:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ գրաբարի ուսուցման մագիստրոսական ծրագրի հանդեպ ուսանողական եւ հանրային շրջանակների արձագանքները միանշանակ չեն. «Կրթական ավելի բարձր մակարդակ ունեցողները ողջունում են նախաձեռնությունը, քանի որ հասկանում են` այն բխում է հենց իրենց շահերից։ Մի մասն էլ «հայաֆոբիայի» ազդեցության ներքո քննադատում է նման որոշում կայացնողներին և այդ բաժնում սովորել ցանկացողներին: Իսկ դիմորդները մեծամասամբ աղջիկներ են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ