Այսօր Գյումրու թիվ 7-րդ դպրոցում բացվեց Թալիշում նահատակված գյումրեցի Գեւորգ Վարդանյանի անվան դասասենյակ: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը նշեց, որ թեեւ Գեւորգն այս դպրոցում չի սովորել. նա մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, նա ազգային հերոս է ու նրա անվան դասասենյակներ պիտի բացվեն ամենուր:
Դպրոցի տնօրենն ասաց. «Երանի այն սերնդին, երանի այն ազգին, որն ունի Գեւորգ Վարդանյան: Լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հեռավոր Ալթայում, սակայն պատմական հայրենիքից հոգեւոր պորտալարը չկտրած Գեւորգ Վարդանյանը սրտի կանչով, արյան կանչով, զգալով, որ հայրենիքն իր կարիքն ունի, եկավ Բիբլիական Հայաստան: Եկավ ու իր վատ հայերենով, բայց դասական հայի կերպարով երդվեց, որ պիտի պաշտպանի հայոց սահմանները, երդվեց ու պաշտպանեց, պաշտպանեց ու անմահացավ»:
Հերոսի անվան դասասենյակը բացեց նրա հայրը: Մայրը, տեսնելով որդու անկյունը, նրա նկարները, սկսեց լացել ու զրուցել նրա հետ:
Կարդացեք նաև
Դպրոցի ուսուցիչներից մեկը ներկայացրեց հերոսի կյանքը: 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում ծնված Գեւորգ Վարդանյանի ընտանիքը տեղափոխվել բնակության Ալթայի երկրամաս, երբ նա դեռ 5 տարեկան էր: Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ, այնուհետ ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը: Երկու տարի սովորելով քոլեջում ու կիսատ թողնելով՝ 2015 թվականի հունվարին վերադարձել է հայրենիք իր պարտքը կատարելու:
Զոհվել է ապրիլի 4-ին ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում: Հայրը մտահոգվել է, թե ռուսական միջավայրում մեծացած իր որդին ինչպես պիտի հարմարվի Հայաստանի բանակային կյանքին: Բայց կարճ ժամանակ անց՝ իմացել է, որ Գեւորգը շատ լավ է զգում իրեն: Նույնիսկ հայերեն տառերը չիմանալով՝ խնդրել է զինվորական երդումն ու կանոնադրությունը ռուսերեն տառերով, բայց հայերեն բառերով իր համար գրեն, որպեսզի ինքը հայերեն երդվի: Կարճ ժամանակ անց նա արդեն հայերեն գրել ու կարդացել է: Գնդացրորդ Գեւորգը մի քանի անգամ ընկերների հետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով խրախուսանքի: 2015 թվականի սեպտեմբերի 25-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ ընկերներից մեկի կյանքը փրկելու համար արժանացել է խրախուսական արձակուրդի:
Ռուսական քոլեջում, երբ ուսանողներին հանձնարարել են որեւէ խնդրի շուրջ վերլուծություն գրել, Գեւորգ Վարդանյանն ասել. «Ես հայ եմ, ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը» ու իր աշխատանքը գրել է այդ թեմայով: Ռուսական դպրոցում Հայոց պատմություն բնականաբար չեն անցել, սակայն նա համացանցից գտել ու կարդացել էր հայրենի երկրի պատմությունը:
Գեւորգի ծառայության ամբողջ ընթացքում նրա ծնողները Հայաստանում չեն եղել, հետը խոսել են ապրիլի 3-ի երեկոյան: Նա հանգստացրել է ծնողներին՝ ասելով. «Մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, քաշելով առաջ ենք գնում, սրանք ո՞վ են, որ մեր հողերին հասնեն, այս կռիվը մեր մայրերի ու քույրերի համար է»:
Հիշեցնենք, որ օրերս Գյումրու ծննդատանը լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին Մկրտչյանները կոչեցին Գեւորգի անվամբ:
ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ առանձնակի շնորհակալություն հայտնեց Գեւորգի ծնողներին: Պատգամավորն ասաց, որ շատերն իրենց զավակներին օտար երկրներ են ուղարկում, որ չծառայեն, իսկ Գեւորգի ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի նա հայրենիք գա՝ որպես հայրենասեր երիտասարդ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ