«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով`Հայկ Խանումյանի հետ կատարվածը կհաղթահարվի, եթե կատարվի արդար քննություն, և մեղավորները կանգնեն դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ծեծի էր ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանն այս առիթով ասաց. «Դեպքը կհաղթահարվի, երբ ամբողջ քննությունը թափանցիկ ներկայացվի, դատաքննություն տեղի ունենա և բոլոր մեղավորներն իրենց պատիժը իրեն: Արցախի նախագահն է հանդես եկել հայտարարությամբ, երկու հոգի ձերբակալվելու մասին հայտարարություն տարածեց ոստիկանությունը, ուրախ եմ, որ Արցախում կա նոր օմբուդսմեն, որը հետևողականորեն իր գործողություններն է անում»:
Թևան Պողոսյանը ցավում է Արցախում կատարվածի համար, միևնույն ժամանակ նշում. «Եթե ամբողջ գործընթացը տանենք ու հասկանանք, որ մեղավորները պատժվել են, կհամարենք, որ մեկ քայլով առաջ ենք անցել դեպի ժողովրդավարություն»:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ պետք է գնահատական տրվի կատարվածին:
Դառնալով այն հանգամանքին, որ կատարվածը Արցախի ներքին խնդիրն է` պարոն Մելքումյանը նշեց, թե դա ամենևին չի նշանակում, որ ՀՀ-ում պետք է դրան գնահատական չտրվի. «Պետք է նաև կոնկրետ իրավական գործողություններ կատարվեն: Դա, իհարկե, Արցախի ներքին գործն է, բայց մենք, բնականաբար, միասնական ժողովուրդ ենք և գնահատական պիտի տանք: Ոչ մի երևույթ ԼՂՀ-ում կատարված չպետք է խաթարի կամ նսեմացնի Արցախը, որ հանկարծ չասեն, թե Արցախը ժողովրդավար երկիր չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ