«Ինձ համար մինչեւ հիմա էլ հանելուկ է մնում՝ արդյոք դա իսկական մահափո՞րձ էր, թե՞ մահափորձի նմանակում: Եթե տեսադաշտից դուրս չթողնենք, որ հնարավոր է՝ մահափորձի նմանակում է եղել, այսինքն՝ մահափորձի իմիտացիա, ապա դա ով է արել ու ինչ նպատակով»,- Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշմանն անդրադառնալով՝ ասաց Արա Բուդաղյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հայկ Ալումյանի խոսքով, իրենք ի սկզբանե պնդում էին, որ Արա Բուդաղյանը կապ չունի մահափորձի հետ. «Հերքում էինք այն բոլոր ապացույցները, որոնք վկայակոչվում էին՝ որպես Արա Բուդաղյանի մեղավորությունը հաստատող ապացույցներ: Ի սկզբանե, ցույց էինք տալիս այդ ապացույցների թերությունները:
Ափսոսում ենք՝ տասնմեկ ամիս պետք եկավ, որ համոզվեն, որ Արա Բուդաղյանը մեղավոր չէ: Բայց այսօր՝ այս պահին, ավելի շատ ուրախ ենք, որ, ի վերջո, արդարությունը հաղթեց»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Արա Բուդաղյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման համար ինչ քայլեր եք պատրաստվում անել, արդյոք կբողոքարկե՞ք, փաստաբանն ասաց՝ դեռ պետք է քննարկի վստահորդի հետ. «Մենք դեռ պետք է քննարկենք մեր ապագա քայլերը իմ վստահորդի հետ: Մինչեւ այսօր չորս գանգատ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Արա Բուդաղյանին ազատությունից զրկելու հետ կապված: Գանգատներում հստակ նշված է, թե ինչ ժամկետներում ու եվրոպական կոնվենցիայի խախտմամբ Արա Բուդաղյանը գտնվել է անազատության մեջ»:
Փաստաբանի խոսքով, Արա Բուդաղյանի դեմ հարուցված քրեական գործը ցույց տվեց՝ արդարությունը ուշ թե շուտ վերականգնվում է. «Ու եթե Արա Բուդաղյանի գործում արդարության վերականգնման համար տասնմեկ ամիս էր անհրաժեշտ, ապա գուցե մյուս Բուդաղյանի գործով ավելի շատ ժամանակ է խլելու արդարությանը հասնելու համար, բայց հասնելու ենք, ու թող ոչ ոք չկասկածի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ