Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները եւ ժյուրիի անդամներն այսօր` հունիսի 10-ին, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ապա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը:
«Սարսափազդու էր…Միեւնույն ժամանակ, շատ լավ է, որ կան այս թանգարանը եւ հուշարձանը, որոնք վկայում են նախորդ դարում տեղի ունեցած ոճրագործության մասին»,-թանգարան-ինստիտուտում ճանաչողական այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն:
Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջը սկսել է բացահայտել հայ երաժիշտների հետ շփվելուց հետո. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Իհարկե, Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես կրկնվում է. տեսեք, թե ինչ է կատարվում, օրինակ, Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»:
Կարդացեք նաև
Մրցույթի մասին էլ Մարկ Հիլդրյուն կարծիք հայտնեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են:
Ի դեպ, երեկ պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։
«Բավականին դժվար էր այդ չորս մասնակիցներին ընտրել, բայց կարծում եմ` նրանք արժանի են»,-նկատեց Մարկ Հիլդրյուն:
Հավելենք, որ մրցույթի երկրորդ փուլի ելույթները կկայանան հունիսի 11-ին և 13-ին։ Հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 14-ին` եզրափակիչ համերգի ընթացքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ