Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Ապրեսյան. «Նստեմ, քարտեզագրված զուգարանի տեղեր ներկայացնե՞մ» (Տեսանյութ)

Հունիս 10,2016 15:55

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց, որ այս տարի նախատեսվում է զբոսաշրջության 5% աճ:

Մշտապես քննարկվող եւ քննադատվող այն թեմայի վերաբերյալ դիտարկմանը, թե Վրաստանում զբոսաշրջային գներն ավելի էժան են, քան Հայաստանում, ուստի շատերը նախընտրում են Վրաստանում հանգիստն անցկացնել, Ապրեսյանը չհամաձայնեց: Նա պնդեց, որ նույն որակի, ասենք՝ հյուրանոցային ծառայությունները՝ Երեւան-Թբիլիսի, Բակուրիանի-Ծաղկաձոր, Հայաստանում ավելի է էժան են:

Ըստ Ապրեսյանի, եթե չհաշվենք Վրաստանի ծովափնյա հանգիստը, ապա այլ տեսակի զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ չի տարբերվում:

Aravot.am-ի այն դիտարկմանը, երբ ծրագրում ենք Ծաղկաձորում, Դիլիջանում կամ ասենք՝ Արցախում, կոնկրետ Հադրութում, որտեղի հյուրանոցում նաեւ ակվապարկ կա, գնանք հանգիստ անցկացնենք, հաշվարկում ենք, եւ ստացվում է, որ Վրաստանում Սեւ ծովի ափին ավելի մատչելի է եւ ձեռնտու, Ապրեսյանը կրկին չհամաձայնեց. «Վերջին 3 տարիների ընթացքում 30% , 28% ներքին զբոսաշրջության աճ կա, այս դեպքում ճի՞շտ է ասել, որ մենք նախընտրում ենք գնալ Վրաստան»: Արդյոք սոցփաթեթները, որոնք պետությունը տրամադրում է պետական աշխատողներին, չի՞ ազդում ներքին զբոսաշրջության աճին, այս հարցին էլ Ապրեսյանն ասաց՝ «10-15% -է, ոչ ավելի»:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ ավիատոմսերի թանկ լինելու պատճառով տուրփաթեթները կարող են 200 եվրոյի տարբերություն տալ: Aravot.am-ի այն դիտարկմանը՝ Հայաստանը բաց երկնքի քաղաքականության է անցել, թեեւ ասում են տոմսերի գները նվազել են, սակայն տուրօպերատորները շարունակում են դժգոհել, Ապրեսյանը պատասխանեց. «Պետությունը չի խառնվում մասնավորի գնային քաղաքականությանը, խառնվում է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում:

Մանրամասն՝ տեսանյութում

Զբոսաշրջության բնագավառում կան դեպքեր, որտեղ պետությունը նպատակահարմար չի գտնում խառնվի: Ապրեսյանի խոսքերով՝ այդտեղ շուկայական հարաբերություններ են եւ բաց երկնքի քաղաքականությունը 2-3 տարի է, որ ներդրվել է, գները առաջարկին զուգընթաց են կարգավորվում.«Վրաստանը 10 տարուց ավելի է բաց երկնքի քաղաքականություն ունի, բայց մենք ավելի շուտ կհասնենք ցանկալի արդյունքի»:

Մեր այն հարցին էլ՝ զբոսաշրջիկները տարածաշրջան այցելելիս նախընտրում են Վրաստանում ավելի երկար ժամանակ անցկացնել, քանի որ պատճառաբանում են, որ այնտեղ ավելի ձեռնտու են գները, Ապրեսյանը վստահեցրեց՝ դրա պատճառն այն է, որ տարածաշրջան այցելության տուրփաթեթները, եթե վրացական կողմն է առաջարկել, նա այնպես է կազմակերպում, որ իրենց երկրում ավելի շատ մնան զբոսաշրջիկները, հայկական կողմն էլ այնպես է անում, որ այստեղ շատ մնան:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավարը նաեւ մտահոգություն է ներկայացրել. «Հայաստանում ճանապարհները սարսափելի վիճակում են: Արդեն ամաչում ենք խոսել զուգարանների մասին, տուրիստներին ժամերով ման ենք տալիս եւ չենք կարողանում զուգարանով ապահովել»: Aravot.am-ն այս մտահոգությունը փոխանցեց Ապրեսյանին, որն ասաց, որ զուգարանների խնդիրը դեռեւս կա, եւ եթե համեմատենք մի քանի տարի առաջվա վիճակի հետ, հիմա ավելի լավ է: Եվ Ապրեսյանը հիշեց՝ օրինակ Սեւան-Դիլիջան ճանապարհին կա:

Մեր այն դիտարկմանը, որ զբոսաշրջային վայրերում գրեթե չկան հասարակական զուգարաններ, օրինակ՝ Արենի փառատոնի ժամանակ զբոսաշրջիկները գյուղացիների տան դռներն էին թակում ու խնդրում օգտվել զուգարանից, ու այսպես շատ այլ վայրերում, Ապրեսյանն ասաց՝ «Արենիում հենց բեմի հետեւում զուգարան կա»: Իսկ ինչ վերաբերում է գյուղացիների անձնական զուգարանից օգտվելուն, ապա Ապրեսյանն ասաց, որ մարդիկ հաճույքով են տրամադրում, քանի որ իրենք դրան զուգահեռ այլ ծառայություններ էլ են մատուցում:

Վարչության պետի խոսքերով՝ «Բենզա-գազալցակայաններն իրենց մոտ ձեւավորում են այդ գործընթացը, քչերն ունեն, բայց արդեն սկսել են»:

Դիտարկմանը, որ զբոսաշրջությունը երկար տարիներ է գերակա ճյուղ է հայտարարված, բայց տարրական խնդիրը՝ զուգարանների հարցը դեռեւս լուծված չէ, Ապրեսյանն ասաց.«Հիմա ճի՞շտ է՝ նստեմ, քարտեզագրված զուգարանի տեղեր ներկայացնեմ»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ պետությունն արդյոք չպիտի հասարակական զուգարանների հարցը լուծի, որ դրանք դրվում են գազա-բենզալցակայանների վրա, Ապրեսյանն ասաց.«Պետությունը չի կառավարում, չի աշխատեցնում հասարակական զուգարանները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930