ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով, ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի կապակցությամբ համազգային խանդավառություն չէր կարող լինել, քանի որ նա վերադարձել է անհայտ պատճառներով ու անհայտ նպատակներով:
«Ժամանակին նա կալանավորվեց ոչ այնքան հաճելի գործով, չգիտեմ ինչու, դրա մասին մոռանում են: Արկադի Ղուկասյանի ներողամտությունը գնահատելով հանդերձ՝ ցավ պետք է ապրենք, որ հայ որեւէ պետական պաշտոնյա այդպիսի ծանր մեղադրանքով է դատապարտվել»,- կարծիք հայտնեց Պարույր Հայրիկյանը:
Պարոն Հայրիկյանն ասաց՝ ինքն անձամբ ուրախ է Բաբայանի վերադարձով, որովհետեւ որեւէ հայի վերադարձ իր համար ուրախալի նորություն է. «Ինչ վերաբերում է վերջին լուրերին, թե նա հեռացել է, դա ինձ առանձնապես չի զարմացնում, որովհետեւ առանց այն էլ տարիներ շարունակ, երբ հայրենիքդ նույնիսկ մեկ զինվորի կարիք է զգում, հանգիստ բացակայելն ինձ համար հասկանալի չէ: Հայաստանով ապրող մարդը պետք է հաշվի առնի, որ իր կյանքը ժամանակավոր է ու եթե իսկապես ապրում է Հայաստանով, բացակա չնշանակվի երբեւէ»:
Արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծն էլ, պարոն Հայրիկյանը ցուցադրաբար բռնարարք համարեց. «Սա պետք է գնահատվի իշխանությունների բռնապետական հրամանների ցուցադրական դրսեւորում հանրությանը՝ նրան հլու- հնազանդ պահելու նպատակով: Այսօր Արցախի իշխանությունների խնդիրն է արագ սահմանազատվել կատարվածից, որովհետեւ դա ամենակարեւոր փաստարկի դեմ է ուղղված, որ Արցախը բռնապետական երկիր չէ, ժողովրդավարության առումով անհամեմատելի է Ադրբեջանի հետ, ու այս փաստարկն այլեւս օգտագործելի չի լինի, եթե հանցագործներին խստագույնս պատասխանատվության չենթարկեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ