Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական տարում նախընտրական մակրոտնտեսական ցուցանիշներ են հրապարակում (Տեսանյութ)

Հունիս 10,2016 15:13

Aravot.am-ի հարցին, թե վերջին տարիներին մեր երկրի համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, գյուղատնտեսական ցուցանիշների շնորհիվ են ապահովում, այս տարի ապրիլյան ցրտահարությունը, կարկուտը, որոնք փչացրեցին միրգ-բանջարեղենը, ինչպե՞ս կազդի ՀՆԱ-ի ցուցանիշների վրա, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը պատասխանեց, որ իրական պատկերն աշնանը կերեւա: Այդուհանդերձ պարոն Խաչատրյանը համոզված է, որ բերքի անկումն իր բացասական հետքը կթողնի ՀՆԱ-ի ձեւավորման հարցում:

«Ես օդերեւութաբան չեմ, որ ամբողջ տարածաշրջանի համար եղանակային կանխատեսումներ անեմ, բայց այնուամենայնիվ, միտումները դա են ցույց տալիս, որովհետեւ նախորդ տարի նման իրավիճակի հետ մենք բախվեցինք, երբ եղանակի բարեհաճ լինելը ապահովեց բարձր տնտեսական ակտիվություն գյուղատնտեսական ոլորտում»:

Խոսելով երկրի պետական պարտքից, որն արագ տեմպերով աճում է եւ, ըստ մասնագետների, 5 միլիարդին է մոտենում, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը ստիպված է այդ գումարները վերցնում. «Բյուջեն չեն կարողանում կատարել, օրինակ` 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը եղել է կրկնակի ավելի պլանավորվածից. Ծրագրել ենք 114 միլիարդ, տարվա վերջին դարձել է 232 միլիարդ եւ դա ապահովելու համար ստիպված ենք եղել պարտք վերցնել: Կան մի շարք ծրագրեր, որոնց հիման վրա ներգրավում են: Ամեն ամիս, ինչպես է ստացվում այդ 50 ԱՄՆ դոլարը ես չգիտեմ»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Խաչատրյանի խոսքերով, նախորդ տարի ներմուծումը կրճատվել է մեկ միլիարդ 170 միլիոնով եւ այս տարի էլ շարունակվում է կրճատվել, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատությամբ ավելի վատ ենք ապրում, այսինքն` ավելի քիչ գնողունակ ենք: Տնտեսագետը նաեւ ասաց, որ մեր երկրի նկատմամբ վստահության մակարդակն իջել է, ինչն արտահայտվում է ներդրումների կրճատմամբ:

Սակայն, այդքանով հանդերձ, երբ ներդրումները, ներմուծումները կրճատվել են, շինարարությունը պակասել է, բայց մենք ունենք 106 տոկոս աճ, պարոն Խաչատրյանի բնութագրմամբ, դա նախընտրական մակրոցուցանիշներ են. «Այսինքն` ցանկացած ընտրություններից մեկ տարի առաջ մակրոտնտեսական ցուցանիշներն իրենց բարձր լինելու մակարդակով, պետք է ապահովեն այն ամբողջ բազան, որի վրա պետք է կառուցվի հետագա քաղաքականությունը: Եվ, բնականաբար, այս տարին պետք է լինի այս ֆոնի վրա: Այսինքն` մենք ունենք ինչ-որ տեղ նախընտրական մակրոտնտեսական ցուցանիշներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930