Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին անդրադարձել է Վրաստան-ԵՄ հարաբերությունների և վրացիների՝ Եվրոպա մուտք գործելու համար վիզային ռեժիմի հնարավոր վերացմանը։ Այս մասին հաղորդում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին որոշումը հետաձգվել է Գերմանիայի և Ֆրանսիայի որոշմամբ։ Դրանից բացի, 2016թ. հունիսի 20-ին սպասվում է, որ Վրաստանի հարցը քննարկելու են Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները։
Ուսուպաշվիլիի խոսքերով, ճիշտ չի լինի որևէ դրական, կամ բացասական արդյունք սպասել Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումից։
Վրաստանի խորհրդարանի խոսնակն ասել է նաև, թե վստահ է, որ երկարատև այդ գործընթացը վերջիվերջո հաջողությամբ է ավարտվելու։