Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժարանի աշակերտներից մեկը կառավարության ղեկավարին է ներկայացրել հակառակորդի անօդաչու սարքերը չեզոքացնելու նպատակով իր կողմից պատրաստված սարքը

Հունիս 10,2016 14:02

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:

«Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական և միջազգային հոսքերով: Բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները:

«Քվանտ» վարժարանը նաև հանդիսանում է հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող առաջին հայկական դպրոցը:

Qvant5
Վարժարանի մասնաշենքերում տեղակայված դասասենյակներում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը զրուցել է «Քվանտ»-ի մանկավարժների և սաների հետ, ծանոթացել դասավանդման մեթոդաբանությանը և աշակերտների ձեռքբերումներին: Վարժարանի աշակերտներից մեկը կառավարության ղեկավարին է ներկայացրել հակառակորդի անօդաչու սարքերը չեզոքացնելու նպատակով իր կողմից պատրաստված սարքը, որն ստեղծելու միտքն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այն հնարավորություն է տալիս խլացնել ռադիոալիքները և «Քվանտ»-ի սանի կարծիքով՝ կարող է օգտագործվել ռազմարդյունաբերության ոլորտում: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև «Քվանտ»-ի տարեվերջյան ամփոփիչ քննությունները հանձնող 5-6-րդ դասարանների աշակերտներին և հաջողություն մաղթել նրանց:

Վարչապետը ողջունել է «Քվանտ»-ի՝ որպես հանրակրթության ոլորտի առաջատար դպրոցներից մեկի գործունեությունը և կառավարության աջակցությունը հայտնել վարժարանի հետագա ծրագրերին:

«Քվանտ» վարժարանն առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում, որի շրջանավարտներն ստանում են ՀՀ պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները` նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Այս տարի լրանում է վարժարանի հիմնադրման 25 տարին: Մինչ օրս «Քվանտը» Հայաստանին բազում շրջանավարտներ է տվել, որոնցից շատերը մասնակցել և հաղթել են ազգային ու միջազգային օլիմպիադաներում:

 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930