«Լրագրողները եւս մեկ ծանր փորձություն ավարտեցին՝ ի դեմս քառօրյայի: Հուսով եմ, որ վնասվածք ստացող լրագրողներ չեն եղել: Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի մի շրջան՝ բուռն, լարված, նախընտրական»,- խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով անցած քառօրյան՝ կեսկատակ-կեսլուրջ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողներից մեկն էլ հակընդդեմ հարցրեց`իր կարծիքով, անցած քառօրյայի ընթացքում եղա՞ն քաղաքական գործիչներ, որոնք վնասվածք ստացան: Աղվան Վարդանյանն ասաց, որ քաղաքական գործիչները վնասվածքներ են ստանում ամեն օր` իրենց գործունեության ընթացքում, իրենց հայտարարությունների, վարվելակերպի, հայտարարությունների առումով:
«Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր, դեռ երկու տարի առաջ են սկսել իրենց նախընտրական քարոզչությունը: Մենք կարծում ենք, որ միշտ չէ, որ շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը արդյունավետ եղանակ է՝ գերադասելով հանգիստ ու ծանրակշիռ աշխատելու տարբերակը: Կարծում եմ, քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ վնասվածք ստանում են, այնպես որ՝ մեր գործն ավելի բարդ է, քան լրագրողներինը»,- պատասխանեց պատգամավորը:
Լրագրողներից մեկն էլ հստակեցրեց` արդյոք Դաշնակցությունը վնասվածք ստացե՞լ է ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունից հետո: «Հիմա ես մի բառ ասացի ու լրագրողները սկսեցին սևեռվել «վնասվածք» բառի վրա: Այո, վնասվածք ստացել ենք, բայց դա կապ չունի քաղաքական համագործակցության հետ»,- պատասխանեց նա` հավելելով, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը հնարավորության դուռ է բացել երկրում արմատական, որակական փոփոխությունների համար, ու ՀՅԴ-ի դերակատարումն այդտեղ բավական մեծ է:
Կարդացեք նաև
Ինչպես՞ ստացվեց, որ պատգամավոր աշխատելու ժամանակ մենաշնորհների դեմ պայքարող Արծվիկ Մինասյանը նախարար դառնալուց հետո հայտարարում է, որ հեշտ չէ պայքարել մենաշնորհների դեմ: Նաեւ այսպիսի հարց տրվեց Աղվան Վարդանյանին:
«Արծվիկ Մինասյանը 10-ից ավելի տարիներ բոլորի համար եղել է ամենահրապարակային քաղաքական գործիչներից մեկը: Եվ տնտեսական քաղաքականության մասին, մենաշնորհների մասին նրանից ավելի հետևողական, պրոֆեսիոնալ ես ուրիշ քաղաքական գործիչի չգիտեմ: Եվ հանկարծ մի արտահայտությունից մեր հանրության մի հատվածը, այդ թվում որոշ լրատվամիջոցներ՝ կառչեցին ու փորձեցին Արծվիկին դարձնել իր տեսակի հակառակը: Հանրությունը շատ լավ ճանաչում է Արծվիկ Մինասյանին, բոլորը նրան գնահատում են և նրա հանդեպ շատ դրական վերաբերմունք ունեն, քանի որ նա ազնիվ, արդարամիտ, աշխատող, պրոֆեսիոնալ մարդ է: Բայց մեր հանրության մոտ մի վատ բան կա`այսօրվա ամենահարգված, գնահատված գործչին հանկարծ մի բառի պատճառով՝ ճիշտ կամ սխալ հասկացված, փորձեն շուռ տալ ու 180 աստիճանով այլ գնահատականներ տալ: Սա ամենավատ բանն է, որ կա մեր իրականության մեջ: Արծվիկ Մինասյանը որևէ սխալ բան չի ասել, ասել է այն, ինչ գրված է մեր նոր Սահմանադրության մեջ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ