Լրահոս
Օրվա լրահոսը

Տանյա Ռադոչայ. «Յուրաքանչյուր երեխա հնարավորություն է բարելավելու աշխարհը և այս երկիրը» (Տեսանյութ)

Հունիս 10,2016 12:59

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի երևանյան գրասենյակում հունիսի 10-ին մեկնարկեց կլոր սեղան-քննարկում` «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության նախարարությունների, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, ոլորտում աշխատանքներ ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

20160610_103805«Մենք հավաքել ենք գերատեսչությունների, կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի միասին քննարկենք, թե ինչ փորձառություն է կուտակվել դաստիարակության, կրթության, պաշտպանության, խնամքի խնդիրների վերաբերյալ: Հասկանանք, թե ով ինչ փորձառություն ունի, ինչ կարիքներ կան, որոնց շուրջ կարելի է մտածել, ծրագրեր կազմել և աշխատանք տանել»,-ասաց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Նա հիշեցրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին, ՔԴԿ-ն և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, և երկու տարվա ընթացքում իրականացրել են փոքրիկ ծրագրեր:

Քննարկումներն ընթացան երեք ուղղություններով` ընտանիքների աջակցություն, ֆիզիկական և հոգևոր առողջություն, բռնության դեմ պայքար:

«Յուրաքանչյուր երեխա նոր մագաղաթ է, և հնարավորություն՝ բարելավելու աշխարհը և այս երկիրը: Մենք ներկայացնում ենք տարբեր հաստատություններ և կազմակերպություններ, բայց մեկ բան բոլորիս միավորում է` ունենք նույն գաղափարը, որ առանց երեխաների ապագա չկա: Հայկական պետության ապագան մեծապես պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք մենք այսօր վերաբերվում երեխաներին»,- իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Նրա համոզմամբ` որպեսզի Հայաստանը լինի հզոր և բարգավաճ երկիր, մենք ունենք յուրաքանչյուր երեխայի կարիքը: «Յուրաքանչյուր երեխայի պետք է զարգանալու և իր ներուժն ամբողջապես իրացնելու հնարավորություն ընձեռվի: Այդուհանդերձ, այս պահին Հայաստանում կան երեխաներ, որոնք չեն կարող ամբողջապես իրացնել իրենց ներուժը: Երեխաների մեկ երրորդն ապրում է աղքատության մեջ»,-ասաց Տանյա Ռադոչայը:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930