Լրահոս
Օրվա լրահոսը

Հայո՞ց, թե՞ թուրքահայոց ցեղասպանություն

Հունիս 10,2016 12:51

Թուրքիան վճռական միջոցներ է պատրաստում Գերմանիայի դեմ՝ պատասխան Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի: Որոշ տվյալներով թուրքական իշխանություններն, առնվազն 3 դատական հայց են պատրաստում Բունդեսթագի 11 թուրք պատգամավորների դեմ: Երկու հայցը նախաձեռնել է Թուրքիայի ոստիկանությունը, իսկ երրորդը՝ թուրք իրավաբանների միավորումը:

Պատգամավորներին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի մեծ ազգային ժողովին, Թուրքիայի կառավարությանը եւ արդարադատության պետական մարմիններին հրապարակավ վարկաբեկելու մեջ: Ստացվում է, որ Թուրքիայի համար նշանակություն չունի, որ խոսքն այլ պետության պատգամավորի մասին է՝ կարեւորը թե արդյոք թուրքազգի՞ է պատգամավորը: Եվ եթե այո, ապա Թուրքիան ամեն լծակ կօգտագործի նրա դեմ:

Այս պատմությանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն ուսուցողական չլիներ մեզ համար: Հայազգի պատգամավորներ կան աշխարհի շատ խորհրդարաններում: Անգամ Թուրքիայի խորհրդարանում: Օրինակ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը: «Նման տիպի կոտորածները մարդկության դեմ հանցանք են։ Իմ ընտանիքի երկու կողմից մարդիկ են կոտորվել այդ ժամանակ։ Դրան պետք է պարզաբանում տրվի։ Այն օրերում միլիոնների հասնող ժողովուրդը ներկայումս տասնյակ հազարների հազիվ է հասնում։ Մենք այդ հարցով պահանջել ենք, որ Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով կազմվի, սակայն ցավոք, դեռեւս համապատասխան հող չի նախապատրաստվել»,–նշել է հայազգի կին պատգամավորը։

Այս հայտարարությունն իր մեջ կարեւոր հանգամանք է պարունակում: Տիկին Սելինան, խոսելով, ամենայն հավանականությամբ, հայ ժողովրդի մասին, հայտարարել է, որ այն նախկինում «միլիոնների էր հասնում, իսկ այժմ տասնյակ հազարների հազիվ է հասնում»: Խոսքն, ինչպես նկատեցիք, հայ ժողովրդի թվաքանակի մասին է: Ստացվում է, որ կամ նա չգիտի, որ այսօրվա դրությամբ հայերի թվաքանակն ամբողջ աշխարհում գրեթե 10 միլիոն է կամ էլ նա շատերին հայ չի համարում:

Կան նաեւ այլ վարկածներ, օրինակ` Սելինա Դողանը լրիվ այլ ժողովրդի մասին է խոսում կամ էլ խոսում է միայն թուրքահայերի մասին: Սակայն, եթե խոսքը ցեղասպանության ենթարկված այլ ժողովրդի մասին է ապա ստացվում է, որ Սելինա Դողանը հայ չէ, իսկ եթե միայն Թուրքիայում բնակվող հայերի մասին է, ապա արդեն մենք բոլորս հայ չենք, քանզի պատգամավոր տիկնոջ համար միայն թուրքահայերն են ցեղասպանված հայերի ժառանգները եւ հետեւաբար՝ աշխարհը, որպես ցեղասպանված ազգ պետք է միայն նրանց ճանաչի:

Վերջին վարկածի համատեքստում է դիտարկվում նաեւ նրա՝ հայերի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը: Բացի այդ, նշելով, որ «ցեղասպանություն» եզրույթը վերաբերում է միայն Թուրքիայում ապրող հայերին, դե ֆակտո ընդունում ենք, որ ցեղասպանությունն իրականացվել է ոչ թե հայերին պատկանող տարածքներում՝ Արեւմտյան Հայաստանում, այլ Թուրքիայում՝ դրանից բխող իրավական հետեւանքներով:

Ինչեւէ, եթե որեւէ սխալմունք չկա ապա շուտով «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը պետք կլինի փոխարինել «Թուրքահայոց ցեղասպանություն» բառակապակցությամբ:

Իսկ այժմ համեմատենք: Գերմանիայի խորհրդարանում թվով 11 թուրքազգի պատգամավորների հանդեպ Թուրքիայի իշխանությունները իրավական հարկադրանքի միջոցներ են կիրառում, այն բանի համար, որ նրանք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայազգի կին պատգամավորի՝ Հայոց ցեղասպանությունը, որպես հանցագործություն նսեմացնելու՝ այն որպես թուրքահայոց ցեղասպանություն դիտարկելու եւ հայ ժողովուրդը պառակտելու համար Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ձեռնարկում: Չի էլ ձեռնարկի, քանզի չկա պետական մտածելակերպ եւ հայակենտրոն քաղաքականություն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930