«Խնդիրը մարդկանց եւ ավտոմեքենաների կրճատումների մեջ չէ: Իրական քաղաքական կամքը չենք տեսնում»,-խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Հայտարարություններ կան, բայց որեւէ քայլ դեռ չենք տեսնում»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հարցրեց` եթե ՕԵԿ-Հայկական վերածնունդը երբեւէ գա իշխանության եւ պայքարի կոռուպցիայի դեմ`ինչպե՞ս կվարվեն Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի եւ նրանց ընտանիքների կուտակած ունեցվածքի հետ:
«Կառավարությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ խոսքը գնում է գործադիր իշխանության մեջ կոռուպցիայի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է անկախ մարմին լինի`քաղհասարակություն, մամուլ, ՀԿ-ներ, անկախ ֆինանսավորում ունեցող մասնագետներով: «Ձեր նշած մարդանց մասին էլ ասեմ`մենք պետք է հասնենք նրան, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Նա կրկին քննադատեց 2015 թվականի բյուջեի կատարողականը: Դրան համադրելով ԿԲ-ի հաշվետվությունը, որը ԿԲ նախագահը ներկայացրեց անցած քառօրյայում, ասաց, որ ընդհանուր պատկերը բացասական, «ոչ մխիթարական» է: «Տվյալները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում բացասական միտումները խորանում են: Գործազրկությունն ավելացման միտումներ ունի, բյուջեի պակասորդն է ավելացել, ապրանքաշրջանառությունն է նվազել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ միակ մխիթարական ոլորտը, որն աճի միտումներ է խոստանում՝ գյուղատնտեսությունն է, բայց դա էլ կապված է բնակլիմայական պայմանների հետ:
Կարդացեք նաև
Քննադատեց գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը: «Մեկ տարում 530 միլիոնով արտաքին պարտքն է ավելացել, ներքին պարտքերի մասին էլ չեմ խոսում, ներդրումները պակասում են: Տնտեսության ներքին դինամիկան բացասական է»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հարցրեց`Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է կազմում ՕԵԿ-ի անդամների թիվը, քանի որ ՕԵԿ-ականներն անընդհատ ասում են, թե բազմահազարանոց բանակ ունեն: Պատգամավորը հակընդդեմ հարցով հանդես եկավ. «Կարո՞ղ եք ասել, Հայաստանի բնակչությունն որքա՞ն է, ոչ պաշտոնական թվերով, ասեմ»: Ապա հավելեց, որ իրենց կուսակցության անդամների թիվն այս պահին հարյուր հազարի է հասնում. «Նույնիսկ ավել, քանի որ նոր կուսակցությունների անդամակցում եւ հաշվառում է տեղի ունենում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ