Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դրական բառեր

Հունիս 10,2016 10:00

Երբ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք չենք վարանում ամենասուր, ամենակոպիտ, ամենավիրավորական բառերով դրա մասին խոսել։ Մանավանդ այսօր՝ համացանցի դարում, կարիք չկա թեկուզ մի քանի վայրկյան շունչ քաշելու, դիմացինիդ աչքերին նայելու` ստեղնաշարը ձեռքի տակ է։ Բայց երբ մենք ինչ-որ բան հավանում ենք՝ սկսած անձրեւից հետո հայտնված ծիածանից եւ վերջացրած ինչ-որ հասարակական երեւույթով, մենք չենք շտապում մեր գոհունակությունը հրապարակավ հայտնել։ Պատճառն այն է, որ մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ՝ վախենում ենք, որ ցանկացած դրական բառ սխալ է հասկացվելու այն հասարակության մեջ, որտեղ ընդունված է իրար փնովել եւ նախանձել։

Ի հեճուկս հասարակական այդ ճնշման` ուզում եմ երեք պաշտոնյաների մասին բարի խոսքեր ասել: Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք: Իհարկե, մեր պետական համակարգի` մարդուն փչացնելու հնարավորություններն անսահմանափակ են, բայց ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ նա իրեն երբեք Ալիկ Միրզաբեկյանի նման չի դրսեւորի:

Ռուսաստանաբնակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Դարձյալ անձամբ չեմ ճանաչում այդ երաժշտին, լսել եմ ինձ հասանելի ձայնագրությունները, կարդացել եմ Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի «հաջողության պատմության» եւ դիրիժորի գործունեության այլ դրվագների մասին եւ այս դեպքում էլ եմ կարծում, որ այդ մարդը Հայաստանի մշակույթին օգուտ կբերի:

Եվս մի պաշտոնյայի մասին, որին «կրճատումների կամպանիայի» շրջանակներում ազատել են աշխատանքից` Գառնիկ Պետրոսյան: Չգիտեմ, գյուղատնտեսության ինչ փոխնախարար էր նա, բայց, հավանաբար, ոչ ոք չի վիճի, որ պարոն Պետրոսյանը իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, որի անսպառ եւ ճշգրիտ տեղեկատվությունից մենք՝ լրագրողներս, հաճախ ենք օգտվել: Հուսամ, որ պետությունը նրա հարուստ փորձն, այնուամենայնիվ, կօգտագործի:

Իհարկե, մեր կյանքում կան երեւույթներ, որոնք արժանի են բացասական գնահատականների: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես, ինչ բառերով, ինչ ձեւակերպումներով են այդ գնահատականները հնչում:Եթե նպատակը ոչ թե վիրավորելն է, այլ գործին օգնելը, ապա կարելի է գտնել երեւույթը ճշգրիտ նկարագրող, բայց անձնապես ոչ մեկի արժանապատվությունը չխոցող խոսքեր: Իսկ դրա համար որեւէ բացասական կարծիք հայտնելուց պետք է գոնե 10 վայրկյան հապաղել` այդ դեպքում խոսքն ավելի հասուն, ավելի սոլիդ կլինի:

…Երեք հնդիկ քարանձավում զբաղված են մեդիտացիայով: Հանկարծ դուրսը ինչ-որ մի կենդանու ձայն է լսվում: «Դա այծ էր»,- ասում է առաջին հնդիկը: Լռություն: Անցնում է մի տարի: «Ոչ, դա կով էր»,- ասում է երկրորդ հնդիկը: Լռություն: Անցնում է եւս մեկ տարի: Վերջապես երրորդ հնդիկը զգուշացնում է. «Եթե դուք շարունակեք ձեր վեճը, ես ձեզ կլքեմ»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Անեկդտը լավն էր: Նույն թեմայով այլ անեկդոտ էլ կա:

    Երեք բուդդիստ զրուցում են.
    – Ես 5 տարի մեդիտացիա եմ արել և հասել պայծառատեսության:
    – Իսկ ես ընդամենը 2 տարի եմ մեդիտացիա արել և հասել պայծառատեսության:
    – Իմ մոտ դա ավելի շուտ ստացվեց` մեդիտացիայի հենց առաջին օրը գլխիս աղյուս ընկավ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930