Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ցինիզմի հետեւանքները մինչ օրս անդրադառնում են հայերի եւ չերքեզների ճակատագրի վրա»

Հունիս 10,2016 16:30

Չերքեզական Մշակութային ինստիտուտի խորհրդատու (Circassian Cultural Institute, Նյու Ջերսի, ԱՄՆ), Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ ակումբի (Geopolitical Club of Los Angeles,Կալիֆորնիա, ԱՄՆ) Չերքեզական բաժնի ղեկավար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Չերքեզական համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Ալի Բերզեգը (առաջին լուսանկարում), «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում կիսվեց գերմանական Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նշանակության վերաբերյալ իր գնահատականով, ինչպես նաեւ պատմեց ԱՄՆ հայկական եւ չերքեզական կազմակերպությունների համագործակցության հաջող մեկնարկի, դրա օրակարգի, առաջնահերթությունների եւ այդ գործընթացի խնդիրների մասին:

– Պարոն Բերզեգ, հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագն ընդունեց որոշում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Գերմանիայի օրենսդիրների այս քայլը, ինչպես նաեւ Թուրքիայի արձագանքը տեղ գտան գլխավոր համաշխարհային նորությունների շարքում: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, ինչպե՞ս եք տեսնում դեպքերի հետագա զարգացումը: Ինչպիսի՞ն է Ձեր կազմակերպության դիրքորոշումն այս հարցում:

– Դժվար է թերագնահատել այդ քայլը Եվրոպական միության առաջատար երկրի կողմից, որը, բացի դրանից, պատմականորեն հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը, երկրի, որտեղ բնակվում է աշխարհի ամենամեծ, բազմամիլիոնանոց թուրքական համայնքը:

Տեղի ունեցածի հանգամանքները եւ պահը, երբ Ռուսաստանը բռնակցել է եվրոպական երկրի մի մասը, սանձազերծել է «հիբրիդային» պատերազմներ Դոնբասում եւ Արցախում, իսկ ՆԱՏՕ-ն պուտինյան հետագա էքսպանսիան կանխելու նպատակով մոբիլիզացնում է իր բազմազգ զորախումբը, դաշինքի արեւելյան սահմաններին զորավարժություններ է անցկացնում՝ ցույց են տալիս, որ անպայմանորեն սա շարունակություն է ունենալու: Եթե հավատանք թարգմանությունների հավաստիությանը, ապա այս գաղափարի հաստատումն ընթերցվում է լրաշարում: Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը (երկրորդ լուսանկարում), որը որոշման ընդունման ուղղությամբ լոբբինգ էր իրականացնում, միանգամայն միանշանակորեն արտահայտվեց՝ ասելով, որ «իրենց հերթին են սպասում այլ ցեղասպանությունները»: Հավանաբար, խոսք է գնում Ղրիմի թաթարների, ինչպես նաեւ չերքեզների ցեղասպանության մասին:

– Հայտնի է, թե ինչ կարեւոր դեր է խաղացել թե՛ բանաձեւի կազմման, թե դրա շուրջ բանավեճերի ընթացքում Բունդեսթագի պատգամավոր, արմատներով Թուրքիայից, ծագումով չերքեզ, գերմանական «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Մեկ տարի առաջ նա ժամանել էր Երեւան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բազմիցս եւ անթաքույց արտահայտել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված պարոն Օզդեմիրի՝ նման սկզբունքային դիրքորոշումը:

– Որպեսզի հասկանանք 21-րդ դարում ընդունված բանաձեւի նախապատմությունը, պատճառները, դրդապատճառները եւ դերը, որն ունեցավ այս գործում Ջեմ Օզդեմիրը՝ Թուրքիայի չերքեզը, Ռուսաստանի կողմից Չերքեզիայից բռնի տեղահանված չերքեզի ժառանգը, անհրաժեշտ է անդրադառնալ մի այլ՝ ավելի վաղ շրջանում ընդունված փաստաթղթի՝ «Կովկասյան լեռնաշղթայի արեւմտյան մասի նախալեռների՝ կուբանյան կազակներով եւ Ռուսաստանից այլ վերաբնակներով բնակեցման Կանոնակարգին»: Այն ստորագրված է կայսեր կողմից՝ 1862 թվականի մայիսի 10-ին: Փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ ողջ հյուսիսարեւմտյան Կովկասը խիտ բնակեցված էր չերքեզ ժողովրդի կողմից:

Փաստորեն, դա պետականորեն ընդունված ծրագիր էր՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանը, նաեւ՝ մի ամբողջ երկրի: Այդ՝ 1862 թվականի փաստաթղթի էությունն, ինչպես նաեւ այն, ինչի հանգեցրեց այն կյանքի կոչելը, համաշխարհային պրակտիկայում ունի մեկ սահմանում՝ «ցեղասպանություն»: Եվ այդ փաստաթուղթը դարձավ հայկական ողբերգության նախաբանը:

Կան վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ կայսրությունների միջեւ կնքվել է ինչ-որ պայմանագիր բնակչության փոխանակման վերաբերյալ: Եվ ի հաստատումն դրա՝ ավելի եւ ավելի ապացույցներ են հայտնվում, հայ եւ չերքեզ հետազոտողները միայն այսքան ժամանակ անց են գալիս այն ընկալման, որ գոյություն է ունեցել մի դավադրություն, որը մարմնավորվել է նրանում, որ չերքեզների մեծ մասը հայտնվեց Օսմանյան կայսրությունում, իսկ հիսուն տարի անց՝ համշենահայերը հայտնվեցին այդ ժամանակ արդեն փաստացի դատարկված Չերքեզիայում: Այդ ցինիզմի հետեւանքները մինչ այժմ ուղղակիորեն անդրադառնում են հայերի եւ չերքեզների ճակատագրերի վրա: Լինելով խորաթափանց անձնավորություն՝ Ջեմ Օզդեմիրը հավանաբար առաջնորդվել է հենց այսպիսի նկատառումներով:

– Հայկական մամուլում արդեն հրապարակվել են հաղորդագրություններ այն մասին, որ ԱՄՆ հայկական եւ չերքեզական կազմակերպությունները սկսել են զարգացնել համագործակցությունը: Տեղի են ունեցել մի շարք համատեղ ցույցեր եւ միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի, եւ չերքեզների ցեղասպանության՝ մայիսի 21-ի հետ կապված: Հայտնի է նաեւ, որ համագործակցությունը զարգանում է ոչ միայն մեր անցյալին, այլեւ ապագային վերաբերող հարցերում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը, Ձեր կարծիքով՝ համագործակցության ո՞ր ուղղություններն են կարեւոր, հատկապես մեր ապագային վերաբերող հարցերում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ձեւավորվում են Կովկասում՝ Հարավային եւ Հյուսիսային:

– Այո՛, ԱՄՆ չերքեզական եւ հայկական համայնքների համագործակցությունը, համապատասխանաբար՝ Նյու Ջերսիի եւ Կալիֆոռնիայի, սկսվել է երեք տարի առաջ: Տեղի են ունեցել պատվիրակությունների փոխադարձ այցեր՝ մշակութային ծրագրերով, մտքերի փոխանակմամբ, համատեղ ռազմավարության մշակմամբ: 2014 թվականին Լոս Անջելեսից ներկայացուցչական հայկական պատվիրակությունը մասնակցեց չերքեզ ժողովրդի ցեղասպանության 150-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայկական կայքերում հրապարակվեցին նյութեր, որոնցում կարեկցանք էր հայտնվում չերքեզների ցեղասպանությանը, ինչպես նաեւ դատապարտվում էր այդ պատմությունը կեղծող Ռուսաստանի քաղաքականությունը:

Անցկացվել են փակ (զգուշանալով վաղաժամ արտահոսքերից եւ սադրանքներից) կլոր սեղաններ, քննարկվել են հայ եւ չերքեզ ժողովուրդների՝ ապագայի զարգացման մոդելները, հիմնախնդիրները, որոնք ծանրացել են հայերի վրա, այն է՝ հակահայկական հիստերիաների բորբոքումն Արեւմտյան Չերքեզիայում (այսպես կոչված՝ Կրասնոդարի երկրամասում), պյատիգորսկյան Կաբարդայում (այսպես կոչված՝ Ստավրոպոլյեի հարավում), չերքեզների դերը, որը կայանում է նրանում, որպեսզի իրենց տարածաշրջանի «բնիկ տերեր» համարող ռուսներին հիշեցնեն, որ հայերի հետ Չերքեզիայում նրանք ունեն հավասար իրավունքներ: Մասնավորաբար, Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որը 2015-ի փետրվարին սպառնում էր հայկական ջարդերով, ձեռնարկվեցին մի շարք հաջողված միջոցներ: Կարելի է նշել նաեւ վերջերս արձանագրված հաջողությունը, երբ չեղարկվեց/հետաձգվեց Ադլերում Հայկական մշակույթի կենտրոնի բացման առիթով տոնախմբությունը, որը նշանակված էր հենց մայիսի 21-ին, նշանակված էր ինչ-որ մեկի կողմից, կարծում եմ՝ ո՛չ առանց չարամտության, հենց չերքեզների ցեղասպանության հիշատակի օրը: Մշտապես խորհրդակցություններ են վարվում ապագայում՝ Չերքեզիայում հայերի եւ չերքեզների արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ:

3-1-2

Չերքեզների մեկուկեսդարյա երազանքը՝ վերականգնել սեփական անկախությունը, ձեւավորված իրողությունների պայմաններում չի կարող հաշվի չառնել հայկական գործոնը, եւ դրան մեծ ուշադրություն է դարձվում:

Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ ակումբը, որն ի շարս այլոց՝ իր մեջ ներառում է նաեւ Չերքեզական բաժանմունքը, որի ղեկավարը պատիվ ունեմ հանդիսանալու ինքս, ուշի-ուշով զբաղվում է Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակով: Այդ երկրների՝ փաստացի պատանդի վիճակում գտնվելը չի կարող ձեռնտու լինել ո՛չ հայերին, ո՛չ էլ չերքեզներին: Վերջիններիս՝ այն առումով, որ պատերազմի մշտական վտանգը եւ Ռուսաստանի կողմից հրահրվող տնտեսական լճացումը խթանում են բնակչության արտահոսքը՝ ստեղծելով մարդկային ռեսուրսների սուր դեֆիցիտ, ընդհուպ մինչեւ այն, որ գործը հասել է նրան, որ ստիպված շրջանառության մեջ են դրվում օրինագծեր, ըստ որոնց՝ հայուհիներն էլ հայ տղաների հետ հավասար պետք է ծառայեն բանակում: Իսկ դուրս եկած հայ բնակչությունն էլ, ամենեւին էլ ո՛չ անվերահսկելիորեն, տեղավորվում է «Կրասնոդարի երկրամասի» չերքեզական տարածքներում, ինչն ավելորդ առիթ է հանդիսանում շահարկումների համար՝ Չերքեզիայում չերքեզների աննշան տոկոսի վերաբերյալ եւ այլն:

Մեր տարածաշրջանի ապագայի մասին խոսելով, իսկ այդտեղից ո՛չ չերքեզները, ո՛չ հայերը ոչ մի տեղ չեն գնալու, ի հեճուկս տարբեր գույների իմպերալիստների ջանքերի՝ այն մենք պատկերացնում ենք Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից անկախ: Չնայած անցումային շրջանը կարող է ցավոտ լինել: Այնպիսի Կովկասյան երկրները, ինչպիսիք են Չերքեզիան, Իչկերիան, Դաղստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Արցախը եւ հնարավոր է նաեւ՝ այլք, մենք պատկերացնում ենք որպես ինքնիշխան պետություններ, բայց եւ միեւնույն ժամանակ՝ միավորված մեր ընդհանուր Կովկասյան քաղաքակրթության շրջանակներում: Իդեալում կցանկանայինք տեսնել Կովկասի մի շարք պետություններ, որոնք հարգում են միմյանց, իրար միջեւ չունեն սահմաններ, ինչպես Եվրամիությունում է, ունեն շատ ընդհանրություններ, ինչպես տարադրամը, բանակային զորամիավորումներ, միասնական խորհրդարան… Այդ բաները դեռ կոնկրետ մշակված չեն, սակայն պատկերը տեսնում ենք հենց այս հիմքով:

Խիստ խորհրդանշական է, որ հենց Եվրամիության առանցքային պետության պաշտոնական ներկայացուցիչը՝ էթնիկ չերքեզը, ցեղասպանության զոհերի ժառանգը, նախաձեռնեց եւ մինչեւ վերջ հասցրեց հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի ընդունումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930