Թագուհի Սեյրանյանը ամուսնու հետ գրեթե ամեն շաբաթը մեկ անգամ Վրաստանից միրգ-բանջարեղեն է բերում՝ Նոյեմբերյանում վաճառելու. թեեւ մաքսային օրենքների պատճառով քաղաքացիները դժվարություններ են ունենում, բայց այլ ելք չունեն. դրանով են հացի փող աշխատում: Բանն այն է, որ եթե ապրանքը 50 կիլոգրամը գերազանցեց, ավելորդ քաշի համար ստիպված են լինելու վճարել: Այդ պատճառով այնպես են հաշվարկում, որ ամեն ապրանք այնքան քանակությամբ լինի, որ ընդհանուր քաշը 50 կիլոգրամը չանցնի:
«Մի արկղ նարինջը տասը կիլոգրամից ավելի է, մի արկղ սմբուկը 7-8 կիլոգրամ է, ամեն մեկից մի քիչ-մի քիչ՝ դառնում է 50 կիլո: Երեւանից էլ ենք բերում, քանի որ այնտեղ ապրանքը մեր տեղականն ա, բայց կան ապրանքներ էլ, որ Երեւանում չկա այս պահին, եւ պարզ ա, որ դրանք բերում եմ Վրաստանից: Օրինակ՝ մի ամիս առաջ ջերմոցի լոլիկը Վրաստանում ավելի էժան էր, քան Հայաստանում, պարզ չի՞, որ կուզես այնտեղինը բերես, մեկ ա՝ տարբերություն չկա` երկուսն էլ ջերմոցի բանջարեղեն են: Ինչքան էժան լինի ապրանքը, այնքան շուտ-շուտ կբերենք, ավելի էժան կվաճառենք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Թագուհի Սեյրանյանը: Նա բանջարեղենը վաճառում է կոսմետիկայի սեփական խանութի դիմաց, բայց ավելի շատ եկամուտ ունեն բանջարեղենի վաճառքից, քան խանութի ապրանքներից, քանի որ, ըստ տիկին Թագուհու, առեւտուր չկա, հատկապես` վերջերս, եւ մարդիկ ստիպված միայն սնունդ են գնում. «Կարող են էժան օճառ առնել կամ մազերը ավելի ուշ-ուշ ներկել, բայց առանց սննդի չեն կարող ապրել»: Տիկին Թագուհին էլ, շատերի պես, «պարտքի տետր» ունի, ինքն էլ է երբեմն պարտքով ապրանք բերում: Արդեն հարմարվել է այդ վիճակին` ասելով, որ եթե դու քո աշխատանքից գոհ չլինես, չես կարող գումար աշխատել:
Մի խումբ լրագրողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը: Նոյեմբերյան քաղաքում գործող մեկ այլ տնտեսական խանութի սեփականատեր էլ ասաց, որ մաքսազերծման խնդիրների պատճառով գերադասում է ապրանքը Երեւանից բերել ու հավելյալ գներով վաճառել, մինչդեռ եթե «խելքին մոտ» մաքսեր գործեին, ապրանքը կբերեր Վրաստանից, որը փորձել է անել երկու տարի առաջ, սակայն հաշվարկել, գցել-բռնել է՝ թանկ է ստացվել:
Նոյեմբերյանում հանդիպեցինք «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանին: Կազմակերպությունը 2002 թվականի դեկտեմբերից զբաղվում է համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտների խնդիրներով, եւ ինչպես կազմակերպության նախագահը ներկայացրեց` ավելի շատ զբաղվում են սահմանամերձ գյուղերի, քան Նոյեմբերյանի խնդիրներով. «Օգնում ենք սահմանամերձ համայնքներում խաղահրապարակների ստեղծման հարցում, դպրոցներում սանհանգույցների վերանորոգման, մանկապարտեզներին մասնակի գույքի աջակցության հարցերում»,- ասաց Հասմիկ Ազիբեկյանը:
Ըստ նրա՝ հիմա թեկուզ փոքրիկ սոցիալական խնդրի լուծմամբ հնարավորություն են տալիս կանխել արտագաղթը, որը գյուղական համայնքներում մեծ թվերի է հասնում:
Ինչպես նշեց Հասմիկ Ազիբեկյանը՝ Նոյեմբերյանում գլխավոր խնդիրներից է երիտասարդների բնակարանաշինության հարցը: Ըստ նրա՝ այստեղ շինարարությունը խորհրդային կարգերի ժամանակ է վերջին անգամ եղել. «Վարկային միջոցները երիտասարդ ընտանիքների համար մատչելի չեն եւ ոչ ռեալ: Սա այն հիմնական խնդիրներից է, որի պատճառով երիտասարդ ընտանիքների կողմից արտագաղթը մեծ է: Փակ դռներ շատ ունենք, բայց այն ընտանիքները, որոնք Ռուսաստանում են, նրանք երբեք իրենց տները չեն վաճառում: Ամռանը բոլորը համարյա հետ են գալիս: Բանալին տալիս են հարեւանին, որ տունը նայեն, ու իրենք գնում են»:
Հասմիկ Ազիբեկյանի խոսքերով՝ որպես ռիսկային գոտի, բանկերը հիմնականում գյուղական վայրերում հիփոթեք կամ շինարարական վերանորոգման վարկեր չեն տալիս: Եթե տալիս էլ են, ապա պահանջում են Երեւանում բնակարան գրավադնել, իսկ, բնականաբար, գյուղի բնակչության անգամ մեկ տոկոսը Երեւանում բնակարան չունի, այսինքն` գյուղական համայնքներում եւ նաեւ Նոյեմբերյանում հիփոթեք հիմնականում չի գործում:
«Մենք մտածում ենք` լավ կլիներ, որ կառավարությունը հատուկ որոշում ունենար գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների համար արտոնյալ վարկեր տրամադրելու: Ինչը որ հիմա կա Երեւանում, բայց լրիվ ուրիշ մոտեցմամբ, այսինքն` կա՛մ սուբսիդավորում պետության կողմից, կա՛մ ընդհանրապես գրանտային շինարարական վերանորոգման ծրագրեր իրականացվեին, որպեսզի երիտասարդ ընտանիքները ցանկություն ունենային մնալ գյուղերում կամ ընդհանրապես Երեւանից սկսեին արտագաղթել դեպի համայնքներ, գրավիչ առաջարկներ լինեին այդ խնդիրները լուծելու համար»,- ասաց Հասմիկ Ազիբեկյանը:
29 հազար դրամ ընտանեկան նպաստով ապրող Աստղիկ Խաչիկյանն ամուսնու հետ 2 անչափահաս երեխաներին ծայրը ծայրին հասցնելով են պահում: Նրանց մեծ դուստրը երկրորդ դասարանում է սովորում: Մարիամն ասաց, որ շատ է սիրում Նոյեմբերյանը, սակայն տխուր է, որ սիրելի քաղաքում մեծ եւ գեղեցիկ խաղահրապարակ չկա երեխաների համար, ինչպես որ Երեւանում է:
«Ես ու ամուսինս չենք աշխատում, տնային գործերով ստից-մտից յոլա ենք գնում, ուրիշի տանն ենք մնում` իրենց այգին էլ մշակում ենք: Կուզենայինք, որ առանձին տուն ունենանք, բայց որ աշխատանք չունենք` չենք էլ դիմել բանկերին՝ վարկի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Խաչիկյանը: Նրանց տանտերը եւս արտագաղթած նոյեմբերյանցի է, որն այժմ բնակվում է Ռուսաստանում:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ»
09.06.2016