Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին պետը դիմել է գլխավոր դատախազին

Հունիս 10,2016 15:30

Կատարված հանցագործությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստելու եւ օրենքով նախատեսված կարգով ընթացքը լուծելու հարցով 8 անգամ հաղորդում եմ ուղարկել Ձեզ, որից 7 անգամը խնդրել, որ դրանց ընթացքի լուծումը չհանձնարարվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Բադալյանին, քանի որ վերջինս իմ հանդեպ թշնամանք է տածում եւ ուղղակի շահագրգռված է սույն քրեական գործի ելքով:
Ընտրել եմ Ձեզ դիմելու այս եղանակը, քանի որ համոզված եմ, որ իմ կողմից Ձեզ հասցեագրված բազմաթիվ հաղորդագրումները՝ կատարված հանցագործության մասին, ամբողջական ու օբյեկտիվ չեն ներկայացվել Ձեզ, քանի որ դրանք մակագրվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Բադալյանին, որն ուղղակի շահագրգռված է այս գործի ելքով, հակառակ պարագայում դրանց այդպիսի ընթացք չէին տրվի:

Կրկին անգամ դիմում եմ Ձեզ, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում իրացնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ իրավունքները, որ իմ կողմից նշված հանցագործությունների դեպքերով նյութեր նախապատրաստվեն ու լուծվի քրեական գործ հարուցելու հարցը, քանի որ այդ ժամանակ կբացահայտվեն քննիչների եւ մեղադրողների կողմից կատարված հանցագործությունները եւ ինձ առաջադրված մեղադրանքի կեղծ եւ շինծու լինելը:

Սակայն իմ այդ հաղորդումները` կատարված հանցագործությունների մասին, մակագրվեցին Հ. Բադալյանին, դրա համար էլ դրանք ուղարկվեցին դատարան, նշելով, որ եթե դատարանը հիմքեր կգտնի, ինքը կուղարկի դատախազություն` ընթացքը լուծելու համար:

5-1
Վկաներին հարցաքննելուց եւ ապացույցները հետազոտելուց հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշեց դիմել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստվեն, քանի որ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության (օրինականության) հետ կապված դատարանի մոտ եւս ողջամիտ կասկածներ առաջացան: Գրության մեջ դատարանը միաժամանակ նշել էր, որ այդ հարցերի պարզաբանումը շատ կարեւոր է գործի հետագա ընթացքը լուծելու համար: Այդ գրության լուծման ընթացքը Ձեր կողմից կրկին հանձնարարվեց Հ. Բադալյանին: Դատարանի որոշման պահանջները եւս չկատարվեց, եւ գրությունը վերադարձվեց դատարանին, պատճառաբանելով, որ գրության վերնագիրը միջնորդություն չէ եւ Մ. Մարտիրոսյանն էլ չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին:

Համեմատության առումով նշեմ, որ երբ ինչ-որ էլեկտրոնային կայքերում տեղե-կատվություն հայտնվեց մաքսային ինչ-որ ծառայողների կողմից գրված նամակի մասին կամ օֆշորային գոտում կազմակերպություններ գրանցած անձանց մասին, աննախադեպ օպերատիվությամբ, նյութեր նախապատրաստվեցին եւ քրեական գործեր հարուցվեցին, իսկ դատարանի կողմից ուղարկված հաղորդումը վերադարձվում է, պատճառաբանելով, թե վերնագիրը միջնորդություն չէ եւ Մ. Մարտիրոսյանն էլ չի նախազգուշացվել կեղծ մատնության համար: Իսկ ինչ է վերը նշված երկու տեղեկատվություններում, որոնք տարածվել էին էլեկտրոնային կայքերով, վերնագրված էին «հաղորդումներ կատարված հանցագործությունների մասին» ու այդ հաղորդում տվողներն էլ նախազգուշացվե՞լ էին ակնհայտ սուտ մատնության համար, որ նյութեր նախապատրաստվեցին ու քրեական գործեր հարուցվեցին: Նշածս ամբողջական չի լինի, եթե չասեմ, որ մեղադրողների կողմից դատական նիստերն անհիմն ձգձգելու համար էլ դիմեցի Ձեզ, որպեսզի քննարկվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս դիմումը եւս մակագրվեց Հ. Բադալյանին եւ դիմումը կրկին ուղարկվեց դատարանին` ընթացքը քրեական գործի հետ համատեղ լուծելու համար: Կարծիք կարող է ձեւավորվել, որ դատախազների կարգապահական պատասխանատվության հարցերը քննարկվում են դատարանների կողմից, այլ ոչ թե ՀՀ դատախազության համակարգում գործող էթիկայի հանձնաժողովի:

Այս ամբողջը այսքան հանգամանորեն ներկայացրեցի, որպեսզի Ձեզ համար էլ պարզ լինի, թե անտարբերության եւ կամայականության ինչ արգելքի եմ հանդիպել, որ ես չեմ կարողանում իրացնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ իրավունքները, որ իմ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստվեն, քանի որ քննիչների եւ դատախազների կողմից կատարվել եւ կատարվում են բազմաթիվ հանցագործություններ: Մի՞թե իմ եւ դատարանի կողմից ներկայացված այդքան փաստերի մեջ չկար գեթ մեկ հիմք, որ գոնե նյութեր նախապատրաստվեին եւ անգամ այդ նյութերով մերժվեր քրեական գործի հարուցումը, օրինակ՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Այժմ ներկայացնեմ կատարված հանցագործության մի նոր օրինակ. 2016թ. հունվարի 18-ին կատարված հանցագործության մասին գրավոր հաղորդում էի ուղարկել Ձեզ, հայտնելով, որ թիվ ԵԿԴ0123/01/14 քրեական գործով մեղադրողները 14.08.15թ. վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, նշել են երկու այնպիսի էականորեն տարբերվող փաստեր, որոնք իրենց մեջ հանցագործության հատկանիշներ են պարունակում:
Սույն հաղորդման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա. Շահբազյանի ստորագրությամբ 02.02.16թ. ստացել եմ պատասխան, որով հայտնում է, որ Ա. Ղուկասյանի եւ Վ. Կարապետյանի ցուցմունքների արժանահավատության հարցը, իմ կողմից, բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, այնուհետեւ նշվել նաեւ վերաքննիչ բողոքում, որոնք քննվել են դատարանների կողմից ու դրանց տրվել են համապատասխան գնահատականներ:

Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ինձ տրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից չբխող պատասխան, ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը վիճարկել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել իմ իրավունքների եւ օրինական շահերի խախտումն ու կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը՝ կայացնել քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու մասին որոշում: Դատարանը թիվ ԵԿԴ0030/11/16 գործով 25.04.16թ. որոշել է բավարարել իմ բողոքը՝ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել դիմող Մ. Մարտիրոսյանի իրավունքի խախտումը:

27.05.16թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ գրություն, որը թվագրված է 18.05.16թ. ամսաթվով, արձանագրված է, որ «ի կատարումն Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. ապրիլի 25-ի որոշման, ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 2016թ. հունվարի 18-ի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ դիմումը կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որեւէ փաստական տվյալ չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով»:

Հարգելի պարոն գլխավոր դատախազ, թիվ ԵԿԴ0030/11/16 գործով դատարանը բավարարել է իմ խնդրանքը՝ պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը նյութեր նախապատրաստել իմ կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը կամ պետք է կատարեր որոշման պահանջը՝ նյութեր նախապատրաստեր, կամ օրենքով սահմանված կարգով օգտվեր բողոքարկման իրավունքից: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը դուրս գալով թիվ ԵԿԴ0030/11/16 իմ բողոքի եւ դատարանի որոշման սահմաններից, դրսեւորելով կամայականություն, դիտավորությամբ չկատարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, կատարել է քրեորեն հետապնդելի արարք, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար:

Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը, որպեսզի այս հաղորդման հիման վրա ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածների հիման վրա նյութեր նախապատրաստվեն եւ լուծվի քրեական գործ հարցվելու հարցը:

Միաժամանակ խնդրում եմ դիմումի ընթացքի լուծումը չհանձնարարել Հ. Բա դալյանին:
ՄԻՍԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱՆ «Վարդաշեն»
ՔԿՀ-ի կալանավոր

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930