Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտունակ» թատերական նոր հերթափոխի պատրաստման ճանապարհին

Հունիս 10,2016 14:00

«Առավոտը» թատերագետ Նվարդ Ասատրյանի օգնությամբ, որը մասնակցել է որոշ քննությունների, փորձեց հաղորդակցվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսումնական տարվա ընթացքում կատարվող անցուդարձին, մանավանդ վերջին շրջանում նույնիսկ թատրոնի մարդիկ հաճախ են արտահայտվում, թե հայ թատրոնը վաղուց մեռել է, մի՛ փորձեք հոգեդարձ անել եւ այլն…

«Մեր թատրոնի դամբանախոսները խիստ պահանջներ են ներկայացնում արդի թատերարվեստին։ Մոռացության են մատնում աշխարհի ներկա տերերի հեռահար, նենգամիտ մարտավարությամբ մեզ ի վերուստ պարտադրված կացութաձեւի հարուցած համակողմանի ավերածությունների մասին: Հայ թատրոնի երդվյալ դամբանախոսները մի անդրդվելի համառությամբ անտեսում են անարվեստ ժամանակների հակաստեղծագործական միջավայրին նրա դիմագրավելու ներուժի փայլուն դրսեւորումները։ Հիշենք միայն մեկը՝ Արցախյան պատերազմի տարիներին Սոս Սարգսյանի իմաստուն լավատեսությամբ հիմնած Համազգային թատրոնը, որի ներկայացումները խաղացվում էին գրադ կայանքի կրակե տեղատարափի ներքո»,- փաստեց թատերագետը:

Նրա ձեւակերպմամբ, հանդիսատեսի մի ստվար հատված գնահատության չափանիշների այդպես էլ չհստակվող խառնիճաղանջում որդեգրեց հոգեւոր-մշակութային սնամեջ արժեքներ՝ հեռուստասերիալներով, գոտկատեղից ներքեւ գռեհկաբանություններով ծիծաղ կորզող անտրեպրիզային ներկայացումներ, մեծահարուստների ճոխ խնջույքները ծաղկացնող, անհայտ ծագման երգ-երաժշտություն։ Տիկին Ասատրյանը, այդուհանդերձ, հավաստիացրեց, որ կան թատրոնի փորձառու գործիչներ, որոնցից շատերը դժվարին նվիրումով ոչ միայն պահպանում են իրենց վստահված թատերական կառույցները, այլեւ նոր սերունդ են կրթում՝ ոչ միայն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Մանկավարժական համալսարանում, այլեւ իրենց տնօրինած թատերահարթակներում։ «Նախանձելի մի ջանասիրությամբ փորձում են հաղթահարել լավագույն նախնական ընտրության հնարավորությունը գրեթե իսպառ բացառող վճարովի կրթահամակարգի բազմաբարդ խոչուխութերը եւ «մարտունակ» նոր հերթափոխ պատրաստել։ Արժանի՛ հերթափոխ։ Մինչեւիսկ վճարունակ դիմորդների այն մեծաքանակ հավաքականությունից, որում բնավորվել է սերիալային աստղ դառնալու մարմաջը, որը ոչ միայն բեմական շլափայլ արտաքին, այլեւ բավականաչափ հարուստ ներաշխարհ չունի»,- կարծում է թատերագետը:

Անդրադառնալով թատերականում դասավանդող անվանի գործիչների մանկավարժական գործունեությանը՝ փորձեց նրանց համառոտ ներկայացնել. «Վահե Շահվերդյանը երկրորդ կուրսի իր 27 սաներով ոչ միայն ճշգրտում է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» արդիաոճ բեմադրամտահղացումը, այլեւ պատրաստում Մետեռլինկի «Կապույտ թռչունի» նոր բեմադրությունը, որի ներկայացմամբ անվարան ներկայանում է Վանաձորում այս օրերին անցկացվող մանկապատանեկան թատերական փառատոնի ծիրում։ Լեհ անվանի թատերագործիչ Վեցլավ Գերասի հետ 13 եւ 14-րդ «Արմմոնոյում» 6 ամենաշնորհալի ուսանողների մենախաղերով գտնված համագործակցությունն են գունեղացնում Հրաչյա Ղազարյանի ռեժիսորադերասանական արվեստանոցի 3-րդ կուրսի լսարանում։

Արա Երնջակյանի երրորդ կուրսեցիները, վարպետի թատրոնում բեմափորձը խորացնելու հնարավորություն գտնելով, 2 կազմով խաղարկում են «Դե իհարկե» բեմադրության ներկայացումը՝ ամրանալով Կամերայինի որդեգրած գեղագիտության տիրույթում։ Հրաչյա Գասպարյանը մի խենթ նվիրումով իր առաջին կուրսեցիներին հասունացնում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ՝ չթաքցնելով նրանց հետ Մեծն Շեքսպիրին ձեռք մեկնելու մտադրությունը։ Հակոբ Ղազանչյանը, մտահոգ Պատանի հանդիսատեսի թատերախմբի երիտասարդացմամբ, փորձում է թրծել իր առաջին կուրսեցիներին Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» վիպակի բեմավորմամբ՝ էտյուդների միաձույլ շարքով ձգտելով ամբողջական ներկայացման։ Արմեն Մելիքսեթյանը համառորեն լիարժեքացնում է Բերնսթայնի հանրահայտ «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլի նախադիպլոմային ներկայացումը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Ինստիտուտի մոտ 3 տասնյակ լսարաններում եւ գործող պետական թատրոններից մի քանիսում, քննաշրջանին արժանապատիվ ներկայանալու նպատակասլացությամբ, առավել է պրկվում ուսումնական տարվա կրթական գործընթացը»,- հայտնեց Նվարդ Ասատրյանը:

Ապա հավելեց. «Տասնյակ սերունդներ ազգային դրամատուրգիական, գրական հենքով աճեցրած Երվանդ Ղազանչյանն իրեն քաջածանոթ շատերին զարմացնելով՝ խորագիտորեն փոխզիջման է գնում։ Երկրորդ կուրսի ավարտական աշխատանքների ընտրության մեջ իր ուսանողներին տալիս է նվիրական ստեղծագործական ազատությունը։ Շահան Շահնուրի եւ Վարդգես Պետրոսյանի գործերին զուգահեռ նրանք Կոմեդիայի թատրոնի արդեն հարազատ դարձած փոքր սրահում ներկայացնում են Գոգոլի, Շինելի, Չեխովի «Ձիու ազգանունը», «Հիվանդասենյակ N 6», «Ճայը» նրբահյուս երկերի եւ Բոդլերի «Սիրուհիների դիմանկարների» իրենց մեկնաբանությունների սեղմագրերը։ Ընդհանուր թատերական բարեկրթությամբ, բեմական պատկառելի փորձառություն ունեցող դերասանների ներգրավմամբ, առավել շեշտադրում են իրենց ինքնուրույն մտածողության նորահմա սաղմերը»։

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Շահվերդյանի կուրսի Մետեռլինկի գործի բեմադրությունը դիտեցինք: Շատ թույլ էր, սպառվածության հոտ էր փչում, և առանձնապես ոչ մի ակնառու խաղ: Վերջին տարիներին ավելի թույլ է նա մանկավարժության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930