Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. գետանցի ժամանակը

Հունիս 10,2016 15:00

Հայերի եւ մյուս քրիստոնյաների Ցեղասպանության ճանաչման
եւ դատապարտման՝ Բունդեսթագի կողմից օրերս ընդունված բանաձեւի նշանակության եւ հնարավոր հետեւանքների շուրջ հարցից սկսվեց եւ այդ հարցի արծարծումով էլ ավարտվեց զրույցը արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ:

– Բունդեսթագի ընդունած բանաձեւի շնորհիվ հավատացի, որ Աստծո արդարությունը դեռ լրիվ չի վերացել այս մոլորակից: Իհարկե, ամեն հայ շնորհակալ է բոլոր երկրներին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, բայց երբ հանցակիցն է ընդունում՝ մեղա գալով իր, ինչպես տեքստում է՝ «անփառունակ դերի» համար, այդ ճանաչումը պատվիրանային արժեք ունի: Ուզում եմ հավատալ, որ Գյոթեն, Շիլլերը, Հեգելը այս երկրի ծնունդն են: Երկրորդ՝ շատ զգացմունքային պահը հայկական քոչարին էր՝ 1945-ից 71 տարի անց՝ 2016-ին, այն նորից հաղթական թնդաց Բեռլինում…

– Չեմ զարմանում, որ համարյա նույն դիտարկումն էի արել ֆեյսբուքյան իմ գրառմամբ: Եվ երախտագիտությամբ ավելացրել, որ այսօր ամենասիրուն բառը «Գերմանիա»-ն է մեզ համար: Զգացողություններ կան, որ օդի մեջ են, երեւի: Մենք բոլորս Գերմանիային ուղղված շնորհակալությամբ ենք լի… Բայց քաղաքականությունը, ախր, գիտենք՝ ամպերի մեջ նստած, ամպոտ ձեռքերով չեն ծրագրում եւ իրագործում: Ուզում եմ ասել՝ պետք չէ՞ մտահոգվել թրքական անհամարժեք արձագանքների համար:

– Ես բացարձակ անհանգիստ չեմ. սպասում եմ՝ մինչեւ մեծն Թումանյանի ասած՝ մարդակերից դառնան մարդասպան: Տարօրինակ ժողովուրդ ենք՝ մեր այս համառությամբ ուզում ենք դրանց մեջ էլ մարդկային ինչ-որ բան տեսնել: Պեղում-գտնում ենք մի երկուսին (որ չեմ էլ կարծում, թե զտարյուն թուրք են՝ որովհետեւ դեղին աչքերով չեն) եւ հրճվելով զարմանում ենք: Այնինչ հանգիստ պետք է փաստագրենք. թուրքը մնում է թուրք, եւ այս գիտակցությամբ շարունակվենք: Ուրախ եմ, որ լալահառաչ ողբասացներին փոխարինելու է եկել սթափ ու պահանջատեր մի սերունդ, որը գիտե՝ բորենուց չեն խնդրում, որ խնայի իրեն: Տափաստանը թուրքի միջից երբեք դուրս չի գա:

– Գերմանիայի հանդեպ երախտագիտությունը՝ երախտագիտություն, բայց պետք է հասկանանք՝ արդյոք դա ի՞նչ հետեւանքներ կունենա մեզ համար:
– Բանաձեւը արդեն իսկ ունի աշխարհաքաղաքական շատ մեծ նշանակություն. գիտե՞ս, շատ պարզ մի բան կա՝ լավ բան անելիս էլ աշխարհի հզորների միջեւ մրցակցություն կա: Եթե Եվրոպայի ամենաանհաղթահարելի պետությունը՝ Գերմանիան, կարողացավ հաղթահարել ինքն իրեն, ուրեմն՝ մյուսներն էլ կհաղթահարեն: Ժամանակի խնդիր է:

– Կարծում եմ, Բունդեսթագի բանաձեւից զատ՝ ուրիշ, բայց նույնքան հրատապ ասելիք ունեք:

– Իհարկե: Քանի որ հաճախ չէ, որ արտահայտվելու հնարավորություն եմ ունենում, ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը, ուզում եմ մի քանի թեմաների շուրջ զրուցել քեզ (եւ ոչ միայն քեզ) հետ: Երբ երկար ժամանակ փակ տարածքում ես պարփակված լինում, դրսի աշխարհը շատ հետաքրքիր է երեւակվում: Այս քառօրյա պատերազմի մասին չեմ ուզում ոչ մի ավելորդ բառ ասել՝ այնքան ծանր ու ցավագին էր: Խոսքառատ մարդիկ ասացին ու ասում են: Չեմ ուզում խոսել նույնիսկ ազգային-միացյալ նվիրումի մասին, որովհետեւ հիշում եմ տարիներ առաջ, Վազգեն Սարգսյանին՝ կենաց ասելիս. ասաց՝ «Ազատ, Անկախ եւ Միասնական Հայաստանի կենացը»: Հարցրեցի՝ ինչո՞ւ ոչ՝ Միացյալ: Պատասխանեց՝ արմատը նույնն է: «Դե, որ նույնն է, ես էլ ասում եմ՝ Միացյալ, հզոր Միացյալ»՝ պատասխանեցի: Ինձ դուր չի գալիս սիրո սահմանները խախտող շատախոսությունը սահմանը պահող երիտասարդների մասին: Որոշ մարդկանց համար դա բիզնես է դարձել՝ իրենց բացակայությունը Հայրենիքի բոլոր եզերքներում, իրենց դասալքությունը անձնուրացներ տղաների մասին շատախոսությամբ լցրեցին: Իսկ մեր տղաները զինվոր են, որոնք գիտակցում են, որ Հայրենիքը պաշտպանելը իրենց պարտքն է:

Պետք չէ նրանց շողոմ բառերով շեղել. նրանք բոլորից առողջ են: Նրանք գիտեն, որ Հայոց աշխարհում իրենք են սեփականատեր, ի տարբերություն մեծահարուստների զավակների, նրանք գիտեն, որ միակ արժեցող սեփականությունը հող հայրենին է, եւ իրենք այն չեն կարող կորցնել: Նրանք սեփականատեր են, նրանց ունեցվածքը բանկային հաշիվներ չեն, այլ երկիրը: Միշտ է այդպես եղել: Երկիրը այս սեփականատերերն են պաշտպանել: Երեւի սա է Հայաստանի կայուն գոյության առհավատչյան:

– Հրաշք է, որ մենք ունենք կանոնավոր բանակ, որ հենց այդ տղաների շնորհիվ է ուժեղ եւ անպարտ: Բայց բանակի մասին մտածելիս՝ չենք կարող շրջանցել նաեւ անչափ ցավոտ մի թեմա՝ բանակում բուն դրած անպատասխանատվության, զինվորին անհաց ու անզեն թողնելու թեման, ի վերջո նաեւ այդ պատճառներով մենք ունեցանք ցավալիորեն շատ զոհեր: Հիմա որոշ բարձրաստիճան պատասխանատուների ձերբակալությունները բնական հարցեր են առաջացնում՝ մի՞թե նոր իմացան կամ մի՞թե պարզ չէ, թե մեղավորների շղթան ուր է տանում:

– Ես չեմ հավատում, թե «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում», որովհետեւ անպիտան ձիերը կարող են բոլորին իրենց հետ քաշել ջրի հատակը: Մեր հարատեւ կռվի համար շարքից դուրս եկած ձիերին ուրիշ ի՞նչ պետք է անենք՝ փոխելուց բացի: Բոլորն էլ արդարացիորեն կմտածեն՝ ո՞նց է պատահում, որ սպառազինությունների գծով ամենաբարձր պատասխանատուները այնքան մեղսակից ու մեղավոր են, որ կալանավորվում են: Նախարարը չի պատասխանում: Ես չեմ հավատում, թե «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում». այս իրավիճակում եթե գործուն չէ՝ պետք է փոխել, եթե գործուն է՝ դարձյալ պետք է փոխել:

– Այդպես պետք է մտածել բոլոր ոլորտների մասին: Շատերն իրենց տեղում չեն եւ դեռ քաջնազարավարի իրենց հասած տեղերից ավելի բարձրերի մասին են երազում: Ասենք, իրավունք էլ ունեն, քանի որ մարդը, որը պետք է մի տեղ գլուխը կախ՝ իր օրվա հացի փողը վաստակեր, այսօր ուրիշների զավակների հացը գողացող է աշխատում, ընդ որում՝ հնարավոր բոլոր միջոցներով՝ քաղաքականությամբ, լրագրությամբ, բիզնեսով եւ այլն, եւ այսպես շարունակ:

– Այո, բայց այստեղ վտանգ կա՝ թացը չորի հետ խառնելու: Իրավացի ես, իհարկե, մարդը իր տեղում պետք է լինի՝ շնորհներին եւ վաստակին համարժեք, բայց մենք տեսնում ենք, որ քննադատության մարմաջ կա: Ընդհանրապես իր չիմացած բաներից խոսելու մարմաջ կա:

Նաեւ այդ իմաստով ես կուզեի Երեւանի մասին խոսել: Քանի որ Երեւանը փոխվում ու վերափոխվում է, եւ տեղի է ունենում սերնդափոխություն ու անցում նոր երեւանյան հոգեբանության՝ ոչ միայն արտաքին տեսքի վերակառուցմամբ, շատ հաճախ կարելի է լսել մեծն Թամանյանի անունը՝ սա թամանյանական չէ: Ընդ որում, երբեք չծավալելով լուրջ բանավեճ, այլ ընդամենը կուցի-մուցի հեռուստատեսային խոսքուզրույցի մակարդակով: Բնականաբար, որպես Երեւանում ծնված-մեծացած մարդ եւ Երեւանա-մոլ, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է թամանյանականը: Ի սեր Աստծո, չխոսենք Թամանյանի պլանի մասին՝ քանի հազար բնակչությամբ եւ այլն:

Թամանյանը, ախր, շատ ավելի մեծ բան է արել: Այս ի՞նչ կռապաշտություն է: Թամանյանը հեղափոխական էր, ըստ իս: Հեղափոխական՝ դասական գեղեցկություններ բերելու իմաստով: Կարմիր, խեղճուկրակ, կավաշեն՝ գավառական Երեւանում, որ հետո պետք է դառնար կոնստրուկտիվիզմի եւ այլ «հեղափոխությունների» փորձադաշտ, մինչեւ «խրուշչովկաներ» (ողջ աշխարհով մեկ՝ Ճապոնիայից մինչեւ Ֆրանսիա, այս որոմը տարածվեց, հիմա դրսում իբրեւ էկզոտիկա է դիտվում), Թամանյանը հայկական շքեղության, կրկնեմ՝ հայկակա՛ն շքեղության տեսիլքները կարողացավ իրագործել: Առ այսօր՝ անգերազանցելի: Բայց նա նախ քանդում էր, որպեսզի նորը կառուցեր, քանդում էր, որպեսզի ռուսական գավառական քաղաքը դարձներ հայերի քաղաքամայր: Եվ կռապաշտ չէր. գիտեր, բայց չէր վախենում Մոմիկից կամ Տրդատից: Գիտեր, որ ամենասարսափելին չիմանալով խոսելն ու վկայելն է: Այսօր մարդկության եւ քաղաքակրթության դեմ սարսափազդու զենք է դարձել ֆանատիզմը. դա էլ չիմանալով վկայելու ձեւ է: Հարյուր-հազարավոր կուրացած ամբոխներ Պալմիրա են քանդում եւ դեռ քանդելու են:

Մենք ուսյալ ժողովուրդ ենք եւ բացառիկ բնազդ ունենք՝ գեղեցիկը զգալու, ընդունելու, սեփականացնելու նաեւ: Մեր քաղաքակրթային առավելությունը ոչ միայն Արարատյան կենտրոնի քաղաքակրթությունն է (համամոլորակային կենտրոնի), այլեւ սեփական շնչառության գույնով Արեւելքն ու Արեւմուտքն իրար կապելն ու ագուցելը՝ խաչմերուկային բնույթը: Եվ ուրեմն՝ չի կարելի Թամանյանին խեղդող օղակ դարձնել իմացող-չիմացողների համար: Թամանյանի Երեւանը տղամարդ է դարձել, առնականացել է, եւ հագուստները վրան փոքր են գալիս: Հնարավոր է, որ ընթացքում չարդարացված-անհարկի քանդումներ էլ են լինում՝ Աֆրիկյանների տունը, Արամի տունը եւ էլի… Բայց ինչ արած, աշխարհը փոխվում է: Թոռանս տպավորությամբ՝ նյույորքյան Ռոքֆելլեր կենտրոնի ասպարեզը, որտեղ ազգերի ու ռասաների բաբելական ներկայություն է, հիշեցնում է Երեւանը: Պետք է հաշտվել իրողությունների հետ, որ ժամանակն է բերում: Մենք ապրում ենք մեծ քաղաքում: Ոչ թե ֆիզիկական չափերով, այլ ներքին ընդգրկմամբ՝ իբրեւ համայն աշխարհի հայության մայրաքաղաք:

– Աչքիս առաջ եկան Բաքուն եւ Թիֆլիսը. չէ՞ որ երկուսում էլ հայկական ձեռագիր ենք թողել: Եթե այդ ամբողջ դարավոր ոսկե ջանքը միայն մեր Երեւանի վրա թափած լինեինք: Երեւանը եռակի չքնաղ կլիներ, չէ՞:

– Իհարկե, բայց մենք Բաքուն եւ Թիֆլիսը կառուցելու մեր պատճառներն ենք ունեցել, իր ժամանակին՝ հասկանալի… Երբեմն մենք հանիրավի համեմատում ենք Երեւանը այդ երկու շփացած քաղաքների հետ: Դրանք միանգամայն տարբեր քաղաքներ են: Այո, այդ երկուսն էլ են հայերը կառուցել, բայց դրանք ոչ միայն Երեւանից, այլեւ իրարից են տարբեր նպատակներ ունեցել՝ Բաքուն որպես ռուսական իմպերիայի արդյունաբերական «աչքի լույս», իսկ Թիֆլիսը՝ զվարճատեղի, փոխարքաների նստավայր: Բոլորովին այլ խնդիր էր դրված Երեւանի եւ Թամանյանի առաջ: Ես բնավ հավակնություն չունեմ՝ ձեւակերպելու այդ հարցը՝ ի վերջո, ո՞րն է թամանյանականը: Պարզապես ուզեցի մտորել՝ ելնելով չարենցյան բանաձեւումից՝ «Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք»:

– Տեղյակ եմ, որ Անկախության տոնին՝ մայիսի 28-ին, քաղաքապետարանի կողմից հրավիրված էիք Նժդեհի արձանի բացման արարողությանը խոսք ասելու: Գուցե ճիշտ կլինի, որ այս հարցազրույցո՞ւմ հնչեն Նժդեհի մասին Ձեր մտածումները:

– Ճիշտն ասած, դա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ափսոսում եմ, որ չկարողացա գնալ… Բնականաբար, մտածել եմ՝ իսկ եթե գնայի, ի՞նչ պիտի ասեի: Նժդեհի մասին իրոք դժվար է խոսել, շատ դժվար է: Որովհետեւ Նժդեհին թեթեւ ձեռքով հավասարեցնում են Լենինին, երբ անընդհատ վկայակոչում են նրա անունը, երբ անգիր արած՝ նրա որոշ մտքեր են մեջբերում՝ «Ինչպես ասել է Նժդեհը» շարքից: Ես ի՞նչ պիտի ասեի, որ հերթական ասույթային Նժդեհը չլիներ: Նժդեհն ինքը ազգային գաղափարախոսություն է, եւ ինձ համար անընդունելի է նրա՝ ՀՅԴ-ից հեռացվելու փաստը երբեմն չարախնդալով հիշատակելը: Նրա նման եզակի մտածողը եւ եզակի ռազմիկը չէր կարող տեղավորվել ՀՅԴ-ի՝ թեկուզ եւ այդքան ազգային խաչը ուսած կուսակցության մեջ: Նժդեհն ինքը մարդ-կուսակցություն էր: Ինչպես ժամանակին լուսահոգի Հրայր Մարուխյանն էր ասում՝ մարդիկ կան, որոնք չպետք է լինեն կուսակցական կապանքների մեջ: Կարծում եմ՝ Նժդեհի ժամանակ էլ են այդպես մտածողներ եղել: Դրոն, Անդրանիկը, Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը եւ ուրիշ մեծ հայեր, պետք է որ այդպես մտածելիս լինեին: Ես այդպես եմ մտածում … Չեմ ուզում՝ Նժդեհին դարձնեն դյուրին եւ դատարկ շատախոսության թեմա: Նա բոլորինն է: «Բոլորինը» ասելիս հիշեցի, որ ժամանակին այսպես ընդվզել եմ «երկրապահ» բառի դեմ. դա էլ մենաշնորհ չէ, երկրապահ նշանակում է երկիրը պահող, եւ ուրեմն՝ երկրապահ են բոլորը, ովքեր պատերազմի տարիներին ոչ միայն մարտի դաշտում էին երկիրը պահում, այլեւ երկրի թիկունքը: Եվ հիմա էլ… Դա ժողովրդի մենաշնորհն է: Նժդեհը՝ նույնպես:

– Հաճախ եմ ափսոսել, որ Գերմանիայում փիլիսոփայություն ուսանած Նժդեհը մեր ազգին պատուհասած աղետների ու կորուստների պատճառով չկարողացավ բոլորեքյան նվիրվել գիտությանը, եւ այն, ինչը պետք է դառնար փիլիսոփայական համակարգ, մեծ մասամբ վերածվեց ռազմական գործունեության: Եթե մեզ վիճակված չլիներ այս հարեւանությունը…

– Այո, իհարկե, բայց Նժդեհը ապրեց եւ գործեց ամենաբարձր փիլիսոփայությամբ՝ ազգային կեցության շարունակականության ապահովումը, մնացյալը ածանցյալ է, մնացյալի ժամանակը դեռ կարող է գալ եւ կգա: Եվ քանի որ հիշատակեցիր Նժդեհի գերմանական կրթությունը, զրույցն ամփոփենք գերմանական թեմայով: Բունդեսթագի ընդունած բանաձեւի մեջ մի բառակապակցություն կա՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդ… Այս գնահատանքը դեռեւս մեկ տարի առաջ Հռոմի պապն էր տվել, եւ նրա առաջիկա այցը Հայաստան դարձյալ այս գնահատանքի դրսեւորումն է: Քրիստոնյային հատուկ խոնարհությամբ՝ 1,5 միլիարդ կաթոլիկների հովիվը գալիս է նախ ավագ եղբոր տուն, եւ այս այցը տարբերում է մնացյալ այցերից: Փառահեղ, պատմական իրողության ականատեսն ենք, այս չար ու դաժան ժամանակներում քրիստոնեական արժեքների շուրջ վերամիավորման ու միաբանության գործընթացի ականատեսն ու մասնակիցն ենք: Բունդեսթագի որոշումը պատահական չէ՝ ինչ-որ բան է փոխվել աշխարհում…. Բայց չգիտեմ՝ նկատեցի՞ր, որ ռուսական հեռուստատեսային լրատվական թողարկումներին աննախադեպ ակտիվ ու մանրամասն անդրադարձան գերմանական դիրքորոշմանը: Չէ՞ որ մինչ այս էլ՝ շատ երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը, եթե ուրիշ երկրի անուն չտամ՝ Ֆրանսիան բավական է: Ցավալի էր կռահել, որ մեծ երկիր Ռուսիան երկակի ստանդարտներով է գործում՝ Ղրիմից մինչեւ Բունդեսթագ: Եվ որ ռուսական ջերմեռանդ արձագանքը ընդամենը կապված է Թուրքիայի հետ հերթական խնդիրներով:

 
Զրուցեց
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԸ

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930