Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ

Հունիս 10,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսունվեցերորդ

ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ

Եվ ես մի քիչ մտածեցի ու Վարուժին ասացի՝ «որ շատ փող ունենայի, լավ գիտեմ՝ քեզնից ինչ նկար կառնեի», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ նկար կառնեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ ջնջածդ նկարն առաջին հերթին կառնեի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ փող ունենայիր, էդ ջնջածս նկարը չէիր կարա առնեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, իհարկե», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդքան վստահ մի ասա», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի վստահ ասեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ շատ փող ունենայի, հետդ երկարբարակ բազար չէի անի», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ կանեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «հազար դոլար կտայի ու էդ նկարն ըտենց թաց-թաց կտանեի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ հազար դոլարով չտայիր», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «կարող ա տայի, բայց վրեն ստորագրությունս չէի դնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ հինգ հարուր էլ ավելացնեի, երեւի ստորագրությունդ էլ դնեիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ստորագրությունս հաստատ չէի դնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հինգ հարուրով կարող ա չդնեիր, բայց հինգ հազարով հաստատ կդնեիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտածելու բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բախտս բերել ա, որ շատ փող չունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ շատ փող ունենայի, համարյա բոլոր նկարներդ կառնեի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «նկարնե՞րս, թե՞ էսքիզներս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «նկարներդ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «էսքիզների սեր չունեմ», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «բայց էդ էսքիզս շատ էիր հավանել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ ջնջածդ էսքիզ չէր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ավարտուն ու փառահեղ նկար էր», եւ Վարուժը նայեց դիմանկարիս, մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ շատ փող ունենայիր, էս պորտրետդ չէի՞ր առնի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «էն էլ ո՜նց կառնեի», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «հավանո՞ւմ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ ուժեղ պորտրետ ա», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս ինչի ես հավանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ եմ հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ուշադիր նայես, կարող ա ինքնուրույն էլ գլխի ընկնես», եւ ես ուշադիր նայեցի դիմանկարիս ու ասացի՝ «շատ ուժեղ պորտրետ ա, դրա համար էլ հավանում եմ», եւ Վարուժը նայեց դիմանկարիս, մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «գլխի չընկար», եւ ես հարցրի՝ «ինչի՞ եմ հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ավելի ուշադիր նայես, կարող ա ինքնուրույն էլ գլխի ընկնես», եւ ես ավելի ուշադիր նայեցի ու ոչինչ գլխի չընկա եւ երբ Վարուժին ասացի՝ «չեմ հասկանում՝ ինչ ես ասում», Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի պարզ ասեմ, որ հասկանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե պորտրետիդ նայի, այլ՝ պորտրետիդ ֆոնին», եւ ես ուշադիր նայեցի մուգ շագանակագույն ֆոնին ու ոչինչ չնկատեցի», եւ Վարուժը քմծիծաղով ասաց՝ «հետո էլ ասում ես՝ նկարչություն ես հասկանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո ասածներն իզուր ես ինձ վերագրում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդհանուր առմամբ նկարչություն հասկանում ես, բայց, պարզվում ա, նկարչության հետ կապված որոշ նրբություններ չես զգում ու չես նկատում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեմ զգում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս պորտրետիդ ֆոնը չես զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ակնհայտ բաներ չես նկատում», եւ ես ավելի ուշադիր նայեցի պարտրետիս ֆոնին ու զարմացած հարցրի՝ «ի՞նչ չեմ նկատում», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «իրոք ոչ մի բան չես նկատո՞ւմ», եւ ես ավելի ուշադիր նայեցի ու ասացի՝ «սովորական շագանակագույն ֆոն ա», եւ Վարուժը թարս նայեց ինձ ու ասաց՝ «սովորականը դու ես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ ես նկատում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինձ եմ նկատում», եւ Վարուժն արհամարհական նայեց ինձ ու ասաց՝ «էդ էր պակաս, որ քեզ էլ չնկատեիր» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «էս շեդեւրը հնարավոր չի չնկատել», եւ ես ժպտալով ասացի՝ «շեդեւրը նկատում եմ», եւ Վարուժն ասաց՝ «լավ ա, որ գոնե շեդեւրը նկատում ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց վատ ա, որ ուրիշ բան չես նկատում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930