Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք Ջիվանու գործերը թողնել չուսումնասիրված». Ռիտա Շառոյան

Հունիս 09,2016 23:55

«Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի հերթական՝ 9-րդ ֆիլմը, Ռիտա Շառոյանը նվիրել է աշուղ Ջիվանուն և քամանի նվագարանին: «Բարի, գեղեցիկ, առաքինի». այսպես է կոչվում ֆիլմը, որն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 9-ին առաջին անգամ ներկայացվեց հանրությանը:

«Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմը մի երաժշտական գործիքի պատմություն է («Ծիրանափող (Դուդուկ)», «Քանոն», «Քամանչա», «Պարկապզուկ», «Բամբիռ», «Հարվածային գործիքներ», «Քնար», «Թառ»):

«Նախապատրաստական աշխատանքների ընթացքում հասկացա, որ ֆիլմը թերի կլինի, եթե միայն քամանին ներկայացվի. Ջիվանին էլ պիտի լինի: Դրա համար «Հնագույն նվագարաններ»-ի 9-րդ ֆիլմում գործիքը ներկայացվում է իր տիրոջ միջոցով. նվագարանն ու նվագողը միասին են հանդես գալիս, կարծես քույր ու եղբայր լինեն կամ ընկերներ. շատ մտերմիկ մթնոլորտ է ստեղծվում»,- ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռիտա Շառոյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր ամեն բան արել են, որ Ջիվանին ճիշտ գնահատականով գա մեր ժամանակներ. «Երբ ես սկսեցի թեման ուսումնասիրել, հասկացա, որ Ջիվանուն չգիտեմ: Նա միայն «Ձախորդ օրեր»-ով, «Մայրիկ»-ով, «Բարի, գեղեցիկ, առաքինի»-ով չի որոշվում: Ջիվանին 1000 բանաստեղծություն է մեզ թողել: Դրանցից թերևս քչերն են հայտնի: Մենք իրավունք չունենք նրա գործերը թողնել չընթերցված, չմշակված, չուսումնասիրված:

Ինձ համար Ջիվանին բացահայտվեց նաև որպես հրապարակախոս, որպես մարտնչող հայ մարդ, որպես արդարության դրոշակակիր: Նա իր գրեթե բոլոր ստեղծագործություններում դատապարտում է սոցիալական անհավասարությունն ու բևեռացված կյանքը»,- նշեց Շառոյանը:

Ի դեպ, ֆիլմի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից Ռիտա Շառոյանը պարգևատրվեց ՀՀ բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930