«Հայաստանի Հանրապետության անդամակցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անհրաժեշտություն է»,- հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է իր պետական շահերից ելնելով. «Մենք որեւէ մեկին լավություն չենք անում, որ մտել ենք ՀԱՊԿ, մենք դա արել ենք հաշվի առնելով մեր անվտանգության համակարգի ամրապնդումը: Եվ բոլոր խնդիրներով հանդերձ, իմ խորին համոզմամբ (սա նաեւ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում),
բոլոր խնդիրներով եւ թերություններով հանդերձ ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը եւ անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդարացված է, եւ դա պետք է զարգացնել եւ շարունակել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է մի տարածաշրջանում, որը արեւելքից եւ արեւմուտքից շրջափակված է երկու թուրքական պետություններով, իսկ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառնալիքը ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաեւ Թուրքիան»:
Էդուարդ Շարմազանովը կոչ արեց սթափվել եւ հասկանալ, որ մեր թշնամին ո՛չ ռուսն է, ո՛չ ամերիկացին է, ո՛չ էլ ֆրանսիացին է. «Մենք պետք է անդամակցենք այնտեղ, որտեղ կա ապագա, իսկ հաստատ Թուրքիայի հետ նույն համակարգում մենք ապագա չունենք: Դրա համար մեկ անգամ եւս կրկնում եմ Հայաստանի սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են, պետք չէ ո՛չ Հյուսիսում, ո՛չ այլ տեղեր սպառնալիքներ փնտրել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ