Այսօր Գյումրիում «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Գյումրին նոր ընտրակարգով ընտրություններից առաջ» քննարկմանը ձայն խնդրեց «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանը՝ սկզբում հարցուպատասխանի մեջ մտնելով ՀՀԿ-ական բանախոս Արտակ Առաքելյանի հետ, այնուհետ դաժանորեն քննադատելով իշխող կուսակցությանը: Արամ Հակոբյանն ասաց, որ համաձայն չէ իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի հնչեցրած այն մտքի հետ, թե «Հանրապետական» կուսակցությունը ընտրությունից ընտրություն է ակտիվանում: Ըստ նրա, այդ կուսակցությունը միշտ ակտիվ է ու ակտիվ է այն հարցում, թե ինչքան հնարավոր է երկիրը շուտ ճահիճը գցի: Արամ Հակոբյանի մեկնաբանմամբ, այս կուսակցությունն ակտիվ է նաեւ ընտրությունները կեղծելու ու իշխանությունը պահելու հարցում: Մասնակիցները սկսեցին ծիծաղել:
Արամ Հակոբյանը ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանից հետաքրքրվեց, թե «Հանրապետական» կուսակցությունը ի՞նչ ուղղություն ունի. ձախ կենտրոնամե՞տ է, թե՞ աջ: ՀՀԿ-ականը նրան պատասխանեց՝ աջակողմյան կենտրոնամետ պահպանողական գաղափարախոսություն է կրում: Արամ Հակոբյանը նետեց, թե փաստորեն Նժդեհը չկա հա՞: Այնուհետ վերջինս ասաց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե ընտրություններով հնարավոր է հարց լուծել Հայաստանում: «Ժողովրդի 99 տոկոսը, նույնիսկ Հանրապետական կուսակցության ստվար զանգվածը համաձայն է իշխանափոխության, որովհետեւ այսպես ապրել չի կարելի: Այսպես ապրելով՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետություն կոչված այս չքնաղ տարածքը: Եթե դուք խորը մտածեք, գիշերը քնեք ու գլուխը դնեք բարձին, կհասկանաք, որ իմ ասածները բացարձակ ճիշտ են», -ասաց Արամ Հակոբյանը:
Այնուհետ նա ասաց, որ պետք է քաղաքական, ժողովրդական անհնազանդություն հայտարարել այս իշխանություններին, իհարկե, ըստ նրա, սրա տակ չպիտի հասկանալ զինված ապստամբություն: «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատուն հայտարարեց. «Հանրապետական կուսակցության հիմնական գործընթացը քայքայել ընդդիմությունը, ոչնչացնել քաղաքական դաշտը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանը Արամ Հակոբյանի ելույթը գնահատեց գեղեցիկ, բայց պոպուլիստական ու չպատասխանեց նրա քննադատություններին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ