Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է»

Հունիս 09,2016 22:11

«Հիմնականում նրանք, ովքեր դժգոհում են կամ քննադատում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2015 թվականի դեկտեմբերին կնքված միավորված հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագիրը, իմ խորին համոզմամբ, գոնե նրանց մեծ մասը ծանոթ չէ համաձայնագրի տեքստին եւ անում է գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն»,- հունիսի 9-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, դժվար թե գրագետ մարդը կարդա այդ համաձայնագրի տեքստը եւ նրա մոտ մտավախություն առաջանա, որ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերն, իր ինքնիշխանության մի մասը կամ հակաօդային ուժերը այլ երկրի, թեկուզ դաշնակից երկրի, կառավարման:

«Որպեսզի իմ հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ես խոսեմ փաստերով՝ առաջինը՝ ասացի համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, համաձայնագիրը կոչվում է Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագիր: Միավորված, այլ ոչ միասնական: Եթե Բելառուսը եւ Ղազախստանը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ կա մեկ միասնական ղեկավարում, ապա Հայաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը կնքել են միավորված համակարգի: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը, եւ համաձայնագրի երկրորդ հոդվածով հստակ դա նշված է:

Եվ պատահական չէ, որ մենք գնացել ենք այդ ճանապարհով, որպեսզի մեր զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումը բացառապես իրականանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից: Այսինքն՝ բոլոր այն կարծիքները, որ այս  համաձայնագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանի կամ պետք է արվի նրա հետ համատեղ իրականությանը չեն համապատասխանում: Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համաձայնագրի երկրորդ հոդվածով նախատեսված է Հայաստանի սահմանների ներքո առանձին ՀՕՊ համակարգ, քանի որ Հայաստանը եւ Ռուսաստանը չունեն ցամաքային սահման: Նա ընդգծեց, որ այդ համակարգի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի ԶՈՒ համապատասխան պաշտոնյանը, որը հաշվետու է բացառապես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին:

«Երրորդ՝ շատ է խոսվում Արցախի հետ կապված, պաշտոնապես հայտարարում եմ՝ այս համաձայնագրում որեւէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որը կապված է Արցախի հետ: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ համակարգերում որեւէ սահմանափակում չկա, եւ այս համաձայնագիրը դրա հետ կապ չունի: Եվ չորրորդը, որը շատ կարեւոր է՝ այս միավորված համակարգը հնարավորություն է տալիս մեզ օգտվել մեր դաշնակից Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից»,- ասաց Շարմազանովը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930