Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսիի փողոցի 120 ընտանիքներ 2008 թվականից տնազուրկ են

Հունիս 09,2016 22:03

Նրանք այսօր հավաքվել էին ՀՀԿ գրասենյակի առջեւ:

Կարինե Աղաբալյանը Aravot.am-ին ասաց. «2008 թվականին մեր տները քանդել են: Պայմանագիր ենք ստորագրել, որ մեզ պետք է նորմալ բնակարաններ հատկացնեն: 120 ընտանիք մնացել է դրսում: Ամեն անգամ գալիս ենք էսպես նստում, խնդրում, աղաչում ենք, որ պետությունն իր ստանձնած պարտավորությունները կատարի: Ճիշտ է, վարչապետն ամեն անգամ մեզ օգնում է՝ վարձի գումարը տալիս են: Բայց հիմա այնպիսի տարբերակներ են առաջարկում, որ անհնարին է ընդունել: Մենք ապրել ենք քաղաքի կենտրոնում: Հիմա առաջարկում են գնալ Նորք՝ հեռուստաաշտարակի տակ, Նաիրի Զարյան փողոցում գտնվող ինչ-որ շենքեր, որոնք ոչ նորոգված են, ոչ կոմունիկացիաներ ունեն, ոչ էլ՝ հոսանք: Վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանն ասում է՝ պետք է գնաք ու ինքներդ նորոգեք: Ախր այստեղ այնպիսի բնակիչներ են, որոնք ընդամենը օրվա հացի համար են աշխատում: Նրանք որտեղի՞ց կարողանան վերանորոգել այդ բնակարանները: Կոնկրետ մեր տունը 400 քառակուսի մետր էր, երկհարկանի կառույց: Լավն է եղել, թե վատը, բայց մեր տունը մեզ պահել է: Հիմա հայտնվել ենք փողոցում: Չգիտենք ինչ անենք. գնա՞նք, թե՞ նստենք փողոցում: Եթե գնանք, նույն վիճակի մեջ ենք հայտնվելու: Որտեղի՞ց այնքան փող ճարենք, որ այդ տները նորոգենք: Անգամ, եթե շատ ցանկանանք, տասը տարի փոխ հավաքենք, չենք կարողանալու: Փաստորեն, տված-չտված՝ նույն հաշիվն է: Մեր հետ քառակուսի մետրը $1000-ով պայմանագիր են ստորագրել»:

Հարցին, թե այդ 120 ընտանիքից ոչ մեկի խնդիրը որեւէ ձեւով չի՞ բավարարվել, տիկին Կարինեն պատասխանեց. «Ավելի շատ ենք եղել: Մոտ 50-60 ընտանիքներ կամ տուն են ստացել, կամ փոխհատուցում: Մնացել է այդ 120-ը ու ոչ տուն կա, ոչ փոխհատուցում: Այսինքն, ասում են տուն կա, բայց վարկի տակ է: Պետք է սպասեք, որ վարկի տակից հանենք, տրամադրենք ձեզ, դուք էլ գնաք ու ձեր համար ապրելու պայմաններ ստեղծեք: Հիմա ուզում ենք հանդիպել վարչապետին, որպեսզի լուծման մի տարբերակ գտնվի. գոնե բնակարաններ գտնեն կենտրոնին մոտ, դրանք նորոգված տրամադրեն, կամ էլ փոխհատուցում տան, որպեսզի մենք ինքներս մեզ համար տուն գնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930