Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. ՀՕՊ-ով վերահսկվելու է նաեւ ԼՂՀ օդային տարածքը

Հունիս 09,2016 21:12

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի կիսում կարծիքները, որ ՀՕՊ միասնական համակարգով Հայաստանի օդային տարածքը հանձնվում է ՌԴ-ին: Չի կիսում նաեւ այն դիտարկումները, թե այդպիսով անտեսվելու է ԼՂՀ օդային տարածքը եւ ՀՀ-ն, անհրաժեշտության դեպքում, չի կարողանալու օգնության ձեռք մեկնել:

Այս հարցը` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին», բավական քննարկվեց խորհրդարանում. նախ`հանձնաժողովի նիստում, ապա խորհրդարանի լիագումար նիստում:

Համաձայնագիրը խորհրդարանի վավերացմանը կդրվի, հավանաբար, եկող շաբաթ`արտահերթ նիստում:

Համաձայնագրի վերաբերյալ մոտեցում արտահայտողները, ըստ իշխանական գործչի, ընդամենը շահարկում են հարցը: Ինքն էլ հիմնավորում է. «Հակաօդային պաշտպանությունն այնպես չէ, որ մի փոքրիկ տարածք կարելի է առանձնացնել, մյուսները`հսկել: Պաշտպանության եւ անվտանգության առումով դրանք շատ ավելի լայն տարածքներ են վերահսկում եւ հնարավոր էլ չէ մի փոքր տարածք հանել: Այլ խնդիր, թե հարցը որքան է մասնագիտորեն բացատրվում կամ բացատրողները կամ նման մեկնաբանությունների հեղինակներն, ընդհանրապես, մասնագիտորեն տիրապետո՞ւմ են հակաօդային պաշտպանության առանձնահատկություններին: Դա խիստ մասնագիտացված եւ բարդ համակարգ է եւ մի փոքր ավելի ծանոթ լինելով`կարծում եմ, որ դա միանգամայն բխում է հայկական պետությունների շահերից, առաջնահերթության կարգով»:

Ըստ ՀՀԿ-ական գործչի, այն մասնագետները, ովքեր ՀՀ-ի կողմից մասնակցել են բանակցային գործընթացին եւ պայմանագրի նախապատրաստման փուլին, բնագավառում բավական լուրջ եւ փորձառություն ունեցող մասնագետներ են. «Չեմ կարծում, թե որեւէ մեկի նպատակը եղել է ԼՂՀ-ի կամ ՀՀ-ի հակաօդային պաշտպանության անվտանգությանը խոչընդոտելը: Ես համոզված եմ, որ սա բավական լուրջ համակարգ է,  բխում է ՀՀ-ի շահերից եւ սրանով ավելի ապահովված կլինի մեր օդային սահմանն ընդհանրապես»:

Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմի օրերին ականատեսը եղանք, թե ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք այս համակարգում եւս համագործակից են, ի՞նչ դիրքորոշում դրսեւորեցին`ընդհուպ մինչեւ ԵԱՏՄ վարչապետների նիստի`Հայաստանից տեղափոխում. Աստված մի արասցե, հնարավոր խնդրի դեպքում ի՞նչ կարգավորում է լինելու, Գագիկ մելիքյանն ասաց. «Ասել, որ ԵԱՏՄ անդամ կամ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի կամ վարչապետի կողմից կարող են ինչ-որ հայտարարություններ լինել, որը չբխի նաեւ մեր շահերից, դա չի նշանակում, որ այդ տարածքում հակաօդային պաշտպանություն ընդհանրապես չպետք է իրականացվի: ՀՕՊ-ն իրականացվելու է պայմանագրով եւ դրա իրականացումը բխում է մեր շահերից: Կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները կառույցները պարտադիր ներգրավվածություն պետք է ունենան այդ գործընթացում եւ մեզ անհրաժեշտ ողջ ինֆորմացիան մենք կօգտագործենք`ելնելով մեր շահերից»:

Դիտարկմանն էլ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ականատեսը եղանք, թե ինչպես ՌԴ-ի կողմից խեղաթյուրված կամ ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրվեց, ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Խեղաթյուրված չէի ասի, միգուցե ոչ բավականաչափ, բայց դա արդեն այլ բնագավառից է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930