Վարչական դատարանում քննվող ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց: Դատարանը հաջորդ նիստի մասին խոստացավ կողմերին հայտնել լրացուցիչ:
Մաքսիմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Իսկ դատական նիստը արդեն որերորդ անգամ հետաձգվում է, որովհետեւ Սահմանադրական դատարանում 182 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումն է քննվում, այդ է պատճառը, որ այս հոդվածով քննվող բոլոր նիստերը հետաձգվում են:
Մաքսիմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել անցած տարի սեպտեմբերի տասնմեկին Բաղրամյան պողոտան երկրորդ անգամ փակելու ժամանակ: Ակտիվիստը մտաբերեց՝ երբ Սիրահարների այգում հավաքվեցին ու դուրս եկան Բաղրամյան պողոտան փակելու, այդտեղից էլ նրան բերման ենթարկեցին ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ. «Ինչպես միշտ ներկայացրել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, բայց ինչպես մնացած դեպքերում այս անգամ էլ որեւէ պահանջ չի եղել, որ օրինական լինի: Լավագույն դեպքում՝ բացեք փողոցը հարգելի քաղաքացիներ ու վերջ»:
Կարդացեք նաև
Մաքսիմ Սարգսյանը դժգոհեց դատավոր Արթուր Ավագյանի կողմնակալությունից՝ ասելով, որ իր դեմ հարուցված վարչական բոլոր գործերը հենց նա է քննել ու բոլոր դեպքերում էլ հակընդդեմ հայցերը վարույթ չի ընդունել:
Մինչդեռ նմանատիպ դեպքերով այլ դատավորներ վարույթ ընդունում են ակտիվիստների ներկայացրած հակընդդեմ հայցերը:
Իսկ Մաքսիմ Սարգսյանը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ իրեն ազատությունից զրկելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ