Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը: Կողմերը պարտավորվում են նաև համատեղ աշխատանքով կյանքի կոչել ճանապարհային քարտեզը` Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014թ.) խորհրդատվությունն իրագործելու նպատակով;
Փաստաթղթի ստորագրման արարողության շրջանակներում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության համար մեդալ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն