«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի համար կառավարության գործելաոճն անընդունելի է: Aravot.am-ի հարցին` մտահոգիչ չէ՞ այն, որ Ռուբեն Հակոբյանի և Թեւան Պողոսյանի նախագծի հիման վրա կառավարության պատրաստած նոր փաթեթը` 18 տարեկան բոլոր տղաներին բանակ զորակոչելու վերաբերյալ, կրկին հետ է ուղարկվել, այժմ էլ ԿԳ նախարարություն, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ մեր գործադիրն այս ոճով է աշխատում մեզ հետ: Ցավում եմ, որ գործընթացը ձգձգվում է: Այսօրվա կառավարության այս վարքագիծն ինձ համար զարմանալի չէ»:
Պարոն Պողոսյանն ընդունում է, որ մի կողմից կառավարությունն աշխատանք է տանում, քանի որ տեքստի վրա աշխատում են, բայց մյուս կողմից պետք է ասել, որ վատ է, երբ կառավարության ներկայացուցիչն ասում է մեկ ամիս և այն չի պահպանվում. «Շատ վատ է, որ ձգձգվում է, և խնդրին չեն կարողանում լուծում տալ: Ճիշտ կլիներ, որ նախագիծը լիներ, և բոլորս քննարկեինք»:
Պարոն Պողոսյանը սպասում է, որ իրենց հրավիրելու են քննարկման: Մեր այն հիշեցմանը, թե Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում քննարկումներ կկազմակերպվեն, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Մեկ ամսից հետո անցել է մեկ ամիս և շուտով մեկ ամիս էլ կանցնի: Մեկ անգամ չեմ ասել. ցավում եմ, որ մեր գործադիրն այս ոճով է աշխատում մեզ հետ»:
Դառնալով այս հարցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի դիրքորոշմանը` պարոն Պողոսյանն ասաց, թե հասկանում է ԿԳ նախարարի մտահոգությունը այն առումով, որ պետք է այնպես արվի, որ համալսարանները ֆինանսական խնդիրներ չունենան:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ