Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները. նրանք պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունի իրենց:
Այս հանդիպմանը երկար սպասելուց հետո, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց նշված թաղամասի բնակիչ Օֆելյա Զաքարյանը, վարչապետն այդպես էլ իրենց չի ընդունել, բայց բնակիչներին փոխանցել է, որ այն ընտանիքները, որոնք չեն համաձայնվում փոխհատուցման կառավարության առաջարկի հետ, թող սպասեն:
Հիշեցնենք, որ ֆիրդուսի 33-րդ թաղամասը եւս իրացման գոտի էր հայտարարվել, այստեղի կառուցապատողը «Գլենդել Հիլզն էր», որը պետք է նույն տարածքում բնակարաններ հատկացներ բնակիչներին, սակայն մինչ այժմ, ինչպես ֆիդուսցիներն են ասում, տարածքում ընդամենը մի հատ փոս է:
«Ինչքան սպասենք, 8 տարի է սպասում ենք: Հետո փոխհատուցման պայմանները փոխեցին, բնակարաններ են առաջարկում Նորք Մարաշում, մերկ պատեր են, անպիտան տներ: Մենք չենք համաձայնվում այդ պայմաններին: Մոտ 80 ընտանիք տարիներով դրսերում են, անտուն են մնացել»,- ասացին բնակիչները:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում նրանք վստահեցրին, որ այսօր երեկոյան ժամը 19.00-ին հավաքվելու են ՀՀԿ գրասենյակի մոտ, քանի որ վարչապետի պատասխանը նրանց չի բավարարել, եւ առավել եւս չեն համաձայնվում կառավարության նոր առաջարկին: Բնակիչները հույս ունեն, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ իրենք իրենց բողոքը կկարողանան փոխանցել ՀՀ նախագահին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ