Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթեշյանին իրավական և եկեղեցական օրենքներով կարգալույծ անելն անհնար է». թուրքագետ

Հունիս 09,2016 18:08

«Պոլսո հայոց պատրիարքությունը, պատրիարքները մշտապես գտնվել են թուրքական իշխանությունների ճնշման ներքո, տարբեր տարիների ստիպված են եղել անել հայտարարություններ հատկապես Հայոց ցեղասպանության հետ կապված: Բայց երբևէ չի արձանագրվել այնպիսի հայտարարություն, որն էականորեն կհակասի պատմական իրողություններին, ողջ հայության շահերին և կդառնա թուրքական կեղծարարության ու ուրացման քաղաքականության բաղկացուցիչ մաս: Ցեղասպանության բոլոր տարելիցների ժամանակ Պոլսո հայոց պատրիարքներն իրենց հայտարարություններում կարողացել են պահպանել հոգևորականի կոչումը և հեռու մնալ քաղաքական ու պատմագիտական վերլուծություններից, որոնք լիովին կեղծ հենքի վրա արված են Արամ Աթեշյանի հայտարարության մեջ»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակին՝  ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Պոլսո հայոց պատրիարքարանը հոգևոր կառույց է,- շարունակեց Մելքոնյանը, – Թուրքիայում ընդունված աշխարհիկության սկզբունքով՝ հոգևորականներն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական գործընթացներին, անել քաղաքական հայտարարություններ, հանդես գալ պատմագիտական վերլուծություններով:

Արամ Աթեշյանը Հայ առաքելական եկեղեցու սպասավորներից է, բարձրաստիճան հոգևորական, որը, փաստորեն, իր այս հայտարարությամբ հակադիր դիրքորոշում ունի Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքորոշման նկատմամբ, քանի որ վերջինս Բունդեսթագի որոշման հետ կապված տրամաբանական այլ մոտեցում ունի»:

Ruben_MelqonyanԴառնալով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արձագանքին՝ Մելքոնյանը նշեց, որ այն կոռեկտության սահմաններում է. «Քանի որ Աթեշյանը, անկախ իր անձնական որակներից կամ դրանց բացակայությունից, հանդիսանում է Պոլսո հայոց պատրիարքության գահակալը և ներկայացնում է առաքելադավան 50-60 հազար հայերի, ուստի՝ Մայր աթոռն ունի որոշակի պատասխանատվության զգացում և իր հայտարարությունների մեջ չափավոր է»,- կարծում է թուրքագետը:

Ինչ վերաբերում է Աթեշյանին կարգալույծ անելուն, Մելքոնյանն ասաց, որ իրավական և եկեղեցական օրենքներով դա անհնար է, քանի որ Աթեշյանն արքեպիսկոպոս է, կարգալույծ անելու որևէ հնարավորություն չկա:

«Սակայն հայ համայնքի դժգոհություններն Արամ Աթեշյանից հիմա էլ ավելի են մեծացել, և միգուցե բողոքի ալիքը հանգեցնի այլ զարգացումների հենց համայնքի ներսում: Այն փաստը, որ Աթեշյանը չի վայելում Ստամբուլի հայ համայնքի աջակցությունը, տեսանելի է բոլոր ոլորտներում: Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում հայ համայնքը երբեք այսքան պառակտված, այսքան վատ վիճակում չի եղել, թուրքախոսությունը հասել է 90 տոկոսի, եկեղեցիներում քարոզներն անցկացվում են թուրքերենով: Այս ու բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու փոխարեն` Աթեշյանն զբաղված է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով»,- ընդգծեց թուրքագետը:

Նրա համոզմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը համազգային կարևորության խնդիր է. «Քանի դեռ չկա ժողովրդի կողմից ընտրված պատրիարք, այլ կա թուրքական իշխանություններից կախված փոխանորդ, որն ստիպված է կատարել նրանց կարգադրությունները, այս վիճակն է լինելու:

Խնդիրը ծագել է դեռևս 2007-2008 թվականներին, երբ գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ հայտնաբերվեց անբուժելի հիվանդություն, պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրություններ անցկացնելու փոխարեն տեղի ունեցավ փոխանորդի նշանակում, և Արամ Աթեշյանը դարձավ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ՝ պայմանով, որ ամենակարճ ժամկետում անցկացնի պատրիարքի ընտրություն:

Դառնալով պատրիարքական փոխանորդ՝ Աթեշյանը դարձավ նաև պատրիարքի գահի հավակնորդ, որի վերջին տարիների գործունեությունը միտված է թուրքական իշխանությունների համար հաճելի, ձեռնտու քայլեր, հայտարարություններ անելուն՝ դրանով ապահովելով նաև իր հավանական ընտրության հնարավորությունը:

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն խորհուրդը քանիցս հորդորել է Աթեշյանին անցկացնել պատրիարքական ընտրություն և լուծել հարցը, բայց քանի որ հարցը չի լուծվել, Պոլսո հայոց աթոռը շարունակում է օգտագործվել թուրքական ներքին և արտաքին քաղաքական շահերի համար»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ նախորդ պատրիարքներն ուժեղ էին, քանի որ ընտրված էին ժողովրդի կողմից ու կարողանում էին անկախության որոշակի աստիճան ապահովել. «Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն չի անցկացվում, քանի որ պարզ է մի բան՝ այդ ընտրություններում թուրքական իշխանությունների ֆավորիտ թեկնածուն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Այդ ընտրություններում ակնհայտ է, որ հաղթող թեկնածուն ՀՀ քաղաքացի, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է: Դա են ապացուցում բոլոր հարցումներն ու զարգացումները»,- եզրափակեց թուրքագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930