Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցը քննարկման առարկա է դարձել ՆԱՏՕ-ում

Հունիս 09,2016 17:48

Մայիսի 28-30-ը Տիրանայում կայացել է ՆԱՏՕ-ր Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաեւ ԼՂՀ հարցը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն ասել է, որ մինչեւ նստաշրջանի սկսելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նամակով դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին`առաջարկելով նստաշրջանում քննարկել ԼՂ հարցը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նամակում նշված է եղել, որ խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Հայաստանցի պատվիրակները դա շատ մտահոգիչ են համարում:

«Մեր պատվիրակությունը նշել էր, որ նպատակահարմար չենք գտնում հարցի քննարկումը, քանի որ կա միակ գործող արդյունավետ համաձայնեցված ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մնացած հարթակներում հարցի հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման շահերից»,- ՆԱՏՕ-ում պատասխանել են հայկական պատվիրակության անդամները:

Չնայած հայկական կողմի առարկություններին, քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը նախագահողը, օրակարգի հաստատման ժամանակ հայտարարել է, որ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին հնարավորություն է տրվելու ԼՂՀ խնդրի վերաբերյալ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ հայտարարությամբ հանդես գալ:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը կրկնել է Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքների հայտնի թեզը ու իբրեւ հետեւանք սանձազերծել է ապրիլյան քառօրյա պատերազմը: Հայկական կողմն էլ իր հակափաստարկներն է ներկայացրել`ապացուցելով նաեւ, որ ապրիլյան պատերազմի սանձազերծողը Ադրբեջանն է եղել:

Ներկայացվել են նաեւ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմերի խախտումները, վայրագությունները, խոշտանգումները, հիշատակում է եղել Ռամիլ Սաֆարովի դեպքին, ներկայացվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով, նավթի եկամուտներով ձեռք բերված սպառազինության մասին է խոսվել: Վերահաստատվել է հայկական կողմի կամքը` հակամարտության խաղաղ կարգավորման մասով:

Ադրբեջանցի պատվիրակները կանոնակարգային հինգ րոպե հայտարարությամբ չեն սահմանափակվել, փորձել են հարցերով քննարկման առարկա դարձնել ԼՂՀ խնդիրը: Դահլիճում անգամ կրքեր են բորբոքվել, սակայն, հայկական պատվիրակությանը հաջողվել է ներկաներին վերադարձնել նիստի օրակարգ`կանխելով ԼՂՀ հարցի անհարկի քննարկումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930