Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Աթեշյանի պահվածքը խայտառակություն է». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)

Հունիս 09,2016 17:44

«Արամ Աթեշյանը իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ  Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Էրդողանին իր ափսոսանքն էր հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ և դատապարտող նամակ հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պարոն Հացպանյանի կարծիքով Աթեշյանի պահվածքը խայտառակություն է. «Ես Արամին շատ լավ եմ ճանաչում, և չեմ կարողանում պատկերացնել նման կեցվածք որևէ հայորդու, ուր մնաց Պոլսո պատրիարքարանի միաբանի կողմից: Չեք գտնի մեկ հայ Թուրքիայում, որ կրկնի այն, ինչ ասաց Արամ Աթեշյանը : Ինքը որևէ իրավունք չունի հայկական համայնքի անունով հանդես գալ, բարձրաձայնել, իբրև թե մենք պետք է ներողություն խնդրենք թուրքերից Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ընդունելու համար»:

Նա նաև ավելացրեց, որ Արամ Աթեշյանին թուրքական պետական իշխանություններից ոչ ոք չի հորդորել նման կեցվածք դրսևորել, որևէ մեկը չի վախեցրել նրան. «Երեկ մամուլում կարդացի ու տխրեցի Արցախի և Շիրակի թեմի առաջնորդների հոգևորականների մեկնաբանությունից: Նրանք իրավիճակը մեղմելու համար ներկայացնում էին, իբրև թե կրակե շապիկ է հայ հոգևորականի համար Թուրքիայի հանրապետությունում գործելը և նման այլ բաներ. այս ամբողջը լոլո է: Ոչ մի կրակե շապիկ չկա Թուրքիայում և ոչ մի մարդ կրակե շապիկ հագած չէ: Կրակե շապիկը հագավ Հրանտը, ում սպանեցին, միակ մարդը, որ քաղաքացիական կեցվածք դրսևորեց»:

Փորձագետի խոսքերով, Աթեշյանը վախենում է միայն պատրիարքական ընտրություններից, դրանով է պայմանավորված նրա այս քայլը. «Այսօր Արամ Աթեշյանը բռնազավթել է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի աթոռը, քանի որ նա դժբախտաբար անկողնային հիվանդ է, և վերջերս միայն Թուրքիայի դատական իշխանությունների կողմից ճանաչվեց անգործունակ: Նրա կողմից արված այս քայլը կարող ենք բացատրել միայն մի բանով՝ ինչքան հնարավոր է փորձել անորոշ թողնել Պատրիարքի ընտրությունների համար օր նշանակելը: Քանի որ նա շատ լավ գիտի, որ հայ համայնքի կողմից մեկ ձայն անգամ չի ստանա: Նա վախենում է ընտրություններից»:

Նա նշեց, որ Աթեշյանը հանդգնում է Արևմտյան Հայաստանի մեր հոտը անտեր ու անտիրական թողնել: Արևմտյան Հայաստանի մի շարք եկեղեցիներ չունեն իրենց հոգևոր հովիվները: Պարոն Հացպանյանի պնդմամբ, տարիներ շարունակ արևմտահայությունը խնդրում է Պատրիարքարանին, որ իրենց հոգևոր հովիվ ուղարկի, բայց որևէ ուշադրություն չկա. «Պոլսո պատրիարքի աթոռը բռնազավթելուց հետո Պոլսում Բոսֆորի ափին գտնվող ամենից թանկ հայկական թաղամասը` 45000 քմ տարածքով, որ հայոց պատրիարքարանին է պատկանում, Աթեշյանն առուծախի է ենթարկել, և նոր սեփականության վկայական կա, որտեղ 10000 քմ անհայտացած է: Ամբողջ գործողությունը Աթեշյանն է կատարել և որևէ մարդու հաշիվ չի տվել: Մարդը Պոլսում ունի մի շարք բնակարաններ. երեկ թուրքական մամուլը ողողված էր Թուրքիայի տարածքում տարբեր տեղերում իր բնակարանների մասին նյութերով»:

Ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե ինչ քայլեր կձեռնարկի հայ համայնքը նման հայտարարությունից հետո, պարոն Հացպանյանն ասաց. «Պետք է նշել, որ Աթեշյանի այս քայլը հայ համայնքի համար անակնկալ էր: Ես կարծում եմ, որ հիմա Պոլսում կսկսի մի շարժում, որին օգնելու համար կանեմ ինձանից կախվածը: Պետք է ամեն ինչ անել,որ նա հրաժարական տա, պետք է ճնշում գործադրել նրա վրա, ստորագրահավաք կազմակերպել»:

Պարոն Հացպանյանն իր խոսքն ուղղեց Ամենայն հայոց Գարեգին երկրորդին, որ ժամ առաջ հոգևոր խորհուրդը հավաքվի և Աթեշյանի սանձարձակ կեցվածքը դատապարտվի խստագույնս: Նրա խոսքով՝ Աթեշյանին պետք է արգելել Հայաստան մուտք գործել. նա չի ներկայացնում հայկական համայնքը. «Կաթողիկոսը իրավունք չունի կարգալույծ անել Աթեշյանին: Նա կարող է մի բան անել, որը չեմ հասկանում`ինչի չի անում. մենք ունենք գերագույն հոգևոր խորհուրդ, որտեղ անդամ է նաև Աթեշյանը, նա կարող է քվեարկությամբ Աթեշյանին հեռացնել և այլ հոգևորականի նշանակել անդամ Պոլսից: Եվ կարող է միայն նամակ հղել հայ համայնքին և պատրիարքարանին»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930