Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր տարիներին դեռ չծնված անձնավորությունները այսօր քննադատում են Ռադիկ Մարտիրոսյանին». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

Հունիս 09,2016 17:34

«Ես հասկանում եմ, նախընտրական տարի է, բավականին ոգեւորված պոպուլիստական ելույթներ են հնչում»,- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների հետ կապված իր ելույթում այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ հաշվետվության հետ կապված քննադատություններին, որ առաջին դեմքերը չեն ներկայացել, հաշվապահական հաշվառման ձանձրալի կուրսերի է նման քննարկումը եւ այլն: Նրա խոսքերով՝ էլ բան չունեն խոսելու. «Նայեք ձեզանից ձախ եւ նայեք ձեզանից աջ, տեսեք քանի ընդդիմադիր է եկել ու կառավարությունը ոնց է ապահովել ներկայությունը: Զարմացա, որ հելել ու ասում են՝ Երիցյան Արմենը ինչի՞ պիտի չգա: Ես ուսումնասիրեցի, ընդամենը 1 բացակայություն է ունեցել Երիցյան Արմենը»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կառավարության հետ պայմանավորվել են, որ եթե նույնիսկ հավետվությունը ներկայացնեն տեղակալները, առաջին դեմքերը գան ու ներկա լինեն քննարկմանը, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն. «Եղան համեմատություններ մեծամասնության եւ կառավարության հարաբերություններին: Չկա մի օրենք, որ ներկայացնի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնության կողմից չուսումնասիրի ու չտան լուծում: Ես հասկանում եմ, որ ձեզ ձեռ չի տալիս միասնական ամուր մեծամասնությունը, բայց մենք համախմբված ենք, մենք ամբողջ երկրի բեռը վերցրել ենք մեզ վրա»:

Նա հեգնեց. «Պատգամավորներից մեկը ասում էր՝ ես որ իշխանության էի, տնտեսական աճը 7 տոկոս էր, իսկ ձեր ժամանակ 6 տոկոս է: Մենք չենք ցանկանում անցյալին անդրադառնալ, թե Սովետական միությունից ժառանգված հարստությունը ուր վատնվեց, տնտեսությունը ով քայքայեց: Եթե մենք ծանրանում ենք անցյալի վրա, նշանակում է մենք ներկայում անելիք չունենք»:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին . «Ասում են՝ միայն գյուղատնտեսությունն է զարգանում, ռազմարդյունաբերական համալիրը չի զարգանում: Ես համաձայն եմ ձեր քննադատության հետ, որ մենք բոլոր ոլորտները պետք է զարգացնենք: Խորը քննադատում են ԳԱԱ նախագահին, ասում են՝ այդ ծերունին եւ այլն: Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, ժամանակին գերտերությունները իրենց գիտությունը ամբողջ վստահել էին պատկառելի տարիք ունեցողներին»:

Նա կոչ արեց ոչ թե անհատներին փոխել, այլ համակարգը, որ ոչ թե անհատը թելադրի համակարգին, այլ համակարգը թելադրի անհատին, թե ինչպես պետք է աշխատի կառավարման բոլոր ոլորտներում. «Անհատի դերակատարությունը պետք է զրոյացնել, թե չէ անհատներին եք կպել: Ռադիկ Մարտիրոսյանը ճանաչված գիտնական է, իր տարիներին դեռ չծնված անձնավորությունները այսօր քննադատում են Ռադիկ Մարտիրոսյանին»:

Վերջում Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու բյուջեի կատարման հաշվետվությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930