Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը գիտի, թե պետական բյուջեից որ ծախսերն են անարդյունավետ, բայց այդ մասին ինքը լրագրողներին չի ասի, այլ՝ վարչապետին:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ բյուջեի որ մասը կարելի է կրճատել, ինչին ի պատասխան, Սաֆարյանն ասաց.«Իմ ֆունկցիան ծախսերի պլանավորումն է, ես այս մարդը չեմ, ես բյուջեի մշակմանը մասնակցող մարդն եմ, հիմա կանգնեմ ասե՞մ բյուջեի մի 30%-ը անարդյունավետ ծախս է: Մարդկայնորեն պատկերացրեք»:
Հարցին՝ արդյոք պաշտոնյաների համար թանկարժեք ավիատոմսեր ձեռք բերելը, գործուղումները, թանկարժեք մեքենաների պահպանման ծախսերը եւ այլ ծախսերը չպե՞տք է կրճատվեն, տնտեսվեն ու ուղղվեն խոցելի հատվածներին, Սաֆարյանն ասաց. «Բայց դա գուցե ես ձեզ չուզենամ ասել, ինչո՞ւ եք ոգեւորվել»: Ապա Սաֆարյանն ասաց, որ այդ ծախսերի կրճատման մասին միամտություն կլիներ, որ ինքն առաջինը լրագրողներին հայտներ, այդ մասին ինքը հայտնել է կառավարությանը:
Կառավարությունը գուցե չի՞ համաձայնվել փոխնախարարի առաջարկների հետ, լրագրողների այս հարցն ակնհայտորեն Պավել Սաֆարյանին դուր չեկավ, նա մի փոքր զարմացած, մի փոքր զայրացած հարցրեց՝ «Ոնց թե, դուք էս ի՞նչ եք ասում»: Ապա Սաֆարյանը հիշեց «Գարուն» ամսագրի հրապարակումներն ու պատմեց քննադատ պղպեղի, անտարբեր սեխի ու չհասկացող դդումի մասին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Իսկ թե որ ծախսերը կարելի է կրճատել, Սաֆարյանն ասաց, որ կան ծախսեր, որոնց նպատակը, ճիշտ է, բարի է, բայց ցանկալի արդյունք չեն տվել եւ հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ այդ առնչությամբ առաջարկություններ կանեն դրանք կրճատելու վերաբերյալ:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ