ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր ելույթում հիշեցրեց, որ իրենք 2015-ի բյուջեի հաստատմանը դեմ էին եղել, որովհետեւ խնդիրներ էին տեսել:
Այդ մտահոգությունները, ըստ նրա, հիմա էլ կան. «Առաջինը կոռուպցիոն իրավիճակն է եւ դրա դեմ վստահելի պայքարի անարդյունավետ լինելը, երկրորդը՝ մոնոպոլիաներն են տնտեսության մեջ: Գլխավոր խնդիրը, որ գոյություն ունի՝ գնողունակ պահանջարկ ձեւավորելն է: Հասարակության հիմնական մասը ունի լուրջ սոցիալական խնդիրներ՝ առօրյա կարիքները բավարարելու: Մարդիկ ունեն պահանջներ, այդ պահանջները չեն կարողանում բավարարել»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ կառավարման արդյունավետությունը ՀՀ-ում պետք է կարողանան բարձրացնել, ստեղծել ներդրումների համար բարենպաստ պայմաններ, կարողանան ներդրողներ հրավիրել մեր երկիր: Մարդիկ պետք է կարողանան առաջին անհրաժեշտության ապրանքները գնել:
Ըստ նրա, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, տնտեսությունը պետք է ապահովի ճակատը, պետք է ռազմարդյունաբերական համալիրը կայացնենք: Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք կառավարության հետ համաձայնագիր են ստորագրել տնտեսության եւ կառավարման համակարգի խնդիրներ լուծելու համար: Եվ վերջում հայտարարեց. «Քանի որ մենք բյուջեին դեմ ենք քվեարկել, բնական է, կատարողականին կողմ քվեարկել չենք կարող, ՀՅԴ-ն ձեռնպահ է լինելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ