«Հուսահատ եւ տխուր փաստաթուղթ». 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունն այսպես գնահատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ 2015-ի տնտեսության 3 տոկոսանոց աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսության աճն էլ մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով. «Այսինքն, եթե 2015-ին երկու հատ կարկուտ ավել գար, երկու անձրեւ պակաս, մեր երկրի 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 տոկոսով կկրճատվեր»:
Նա քննադատեց, որ իշխանությունները հայտարարում են գիտելիքահեն տնտեսության մասին, բայց Հայաստանում ստեղծել են «պոմիդորահեն տնտեսություն». «Արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ ագրարային տիպի երկիր՝ նույնիսկ ամենաարտահանելի ծիրանով ու պոմիդորով: Քառօրյա պատերազմը տվեց այս հարցի պատասխանը՝ այսպիսի Հայաստանը՝ ագրարային նրբերանգներով, շանս չունի գոյատեւելու այս տարածաշրջանում, որովհետեւ արեւելքում, արեւմուտքում, հյուսիսում ու հարավում կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը՝ որպես բանջարաբոստանային մթերք: Մենք պետք է ջարդենք մեր դեմ սրած ատամները, սա ոչ թե լոպազության, այլ լինել-չլինելու հարց է»:
Ըստ նրա, ՀՀ տնտեսության դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե պոմիդորն ու ծիրանը, այլ բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական համալիրը, որովհետեւ պոմիդորով թշնամու ագրեսիայի առաջը չես առնի. «Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, որոնց ուշքն ու միտքը պոմիդորի միջազգային գներն են ու հոծ գիծ տրորողներին հանուն ընտանեկան բարեկեցության քերթելը, այլ նրանք, ովքեր ՀՀ-ն տեսնում են բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՀՀ քաղաքական ու մտավորական էլիտան մաքրազատել այն մարդկանցից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայ ժողովրդին թույլի, անազատի, որեւէ ուրիշ երկրի հավերժ կցորդի բարդույթի մեջ պահելու համար:
Պատգամավորն անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերին, որտեղ մեր երկիրն անվանել էր քոսոտ երկիր. «Ժողովուրդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի ՀՀ-ի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ նախագահի պաշտոնում լինի: Եթե անգամ համարենք, որ նա անբասիր ղեկավար է, հանճարեղ գիտնական, 80 տարեկան մարդուն նախագահի պաշտոնում պահելը կնշանակի ԳԱԱ-ն դատապարտել քոսոտ լինելու հեռանկարին: Հիմա մեր գիտությունը անդեմ, անօգնական ու հուսահատ ձեռքերում է գտնվում»:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը պետք է լինի հավիտյան, հայ ժողովուրդն էլ պետք է հարատեւ ապրի, իսկ ՀՀ թշնամիները պետք է ծնկի՛ գան:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց Փաշինյանի ելույթին՝ ասելով. «Շատ կարեւոր է, որ ԱԺ դահլիճում հայրենասիրության գաղափարն է գերիշխում: Եթե քննադատում են, ապա քննադատում են ուղղելու նպատակով, այլ ոչ թե իրար վրա քար նետելու: Պետք է ոչ միայն ճառ ասենք, այլեւ զանգ կախենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ